Կուդրինը խոսել է ռուբլու ապագայի եւ ՌԴ տնտեսության վերակառուցման մասին

13.04.2022 | 18:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ալեքսեյ Կուդրին #ռուբլի #տնտեսություն
Ռուբլին աստիճանաբար կմեծացնի իր դերը՝ այլ երկրների կողմից փոխադարձ առեւտրով շահագրգռվածության աճի հետ մեկտեղ, կարծում է ՌԴ Հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինը։

«Երկրների մեծ մասի, տնտեսական գործընկերների մեծամասնության մոտ աճում է շահագրգռվածությունն ավելի կայուն եւ տարածված արժույթներով վճարումները պահպանելու նկատմամբ: Ռուբլին աստիճանաբար, քայլ առ քայլ, դանդաղ կավելացնի իր դերը՝ երկրների կողմից փոխադարձ առեւտրով շահագրգռվածության աճի հետ մեկտեղ»,- Կուդրինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ ռուբլով հաշվարկներ կարելի է կատարել միայն նման երկրների հետ, քանի որ ռուբլին կորցրել է ազատ փոխարկելի արժույթի կարգավիճակը։

«Ռուբլին այլեւս ազատ փոխարկելի արժույթ չէ։ Ուզում եմ հիշեցնել, որ 2006 թվականի կեսերից ռուբլին ազատ փոխարկելի արժույթ էր, որն ունեն աշխարհի մոտ երկուսուկես տասնյակ երկրներ։ Բայց մենք կորցրեցինք այս կարգավիճակը հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր»,- ընդգծել է Կուդրինը։

***

Գործող պատժամիջոցների պայմաններում ռուսաստանյան տնտեսության վերակառուցման սկզբնական փուլը կտեւի երկու տարի, կարծում է Կուդրինը։

«Բնականաբար, մեր տնտեսությունը ստիպված կլինի վերակառուցվել։ Եթե պատժամիջոցները մնան այս մակարդակում, ապա մոտ երկու տարի կպահանջվի տնտեսության վերակառուցման համար, սա, ես կասեի, առաջին փուլն է։ Այնուհետեւ մենք ստիպված կլինենք երկար տարիներ վերակառուցվել, քանի որ խոսքը գնում է մի շարք ներկրվող ապրանքների ներմուծման փոխարինման մասին»,- Կուդրինի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը:

«Դա հնարավոր չէ միանգամից անել, դա վերաբերում է եւ նոր տեխնոլոգիաների զարգացմանը, եւ ներդրումներին, եւ նոր ձեռնարկությունների կառուցմանը, որոնք մասամբ կփոխարինեն ներմուծումը: Ոչ ոք չի խոսում ամբողջական փոխարինման մասին: Մենք համաշխարհային շուկայում ենք, կան պայմանագրեր այլ իրավասությունների հետ՝ ի համեմատ նրանց, ովքեր մեզ նախկինում մատակարարում էին: Մի շարք շուկաներ դեռ բաց են, ներառյալ՝ բարձր տեխնոլոգիականը: Մենք կլրացնենք միմյանց»,- ասել է Կուդրինը:

Նա նաեւ կարծիք է հայտնել, որ աշխարհաքաղաքական պատճառով Ռուսաստանից հեռացած օտարերկրյա ընկերությունները պետք է հնարավորություն ունենան վերադառնալ։ «Հուսով եմ, որեւէ միջոցներ չեն ձեռնարկվի, որոնք կդժվարացնեն դրանց վերադարձը»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ ավելի վաղ ՌԴ նախագահն ու կառավարությունը հայտարարել էին, որ արտասահմանյան ընկերությունները նման հնարավորություն կունենան։

Կուդրինը նաեւ կանխատեսել է, որ այս տարի Ռուսաստանում գնաճը կկազմի 17%-ից 20%։
Դիտում՝ 4867
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW