ՀԲ նախագահը պաշտպանել է դոլարը եւ մեկնաբանել պատմական համաժողովը Բրետոն Վուդսում

13.04.2022 | 09:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԲ #Դեւիդ Մելպաս #Բրետոն-Վուդսյան համակարգ
Միջազգային հանրությունը ներկայումս չի մտնում ԱՄՆ դոլարից հրաժարվելու եւ Բրետոն-Վուդսյան համակարգին նման նոր ֆինանսական համակարգ ձեւավորելու դարաշրջան։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Համաշխարհային բանկի (ՀԲ) նախագահ Դեւիդ Մելպասը, նախօրեին ելույթ ունենալով Վարշավայի տնտեսագիտական դպրոցում։

Նրան հարցրել էին՝ արդյոք մոտենում է նոր ժամանակաշրջան, որը կհանգեցնի Բրետոն-Վուդսյան նմանօրինակ համակարգին անցնելուն, «ներկայիս աշխարհակարգի հնարավոր փլուզման» եւ «դոլարը տապալելու» Չինաստանի մտադրությունների պատճառով։

«Հիշեք՝ ինչպիսին էր աշխարհը, երբ 1944 թվականին Բրետոն Վուդսում տեղի ունեցան բանակցությունները. ամբողջ աշխարհն այն ժամանակ պատերազմի մեջ էր, մարդիկ մտահոգված էին հեռանկարներով եւ հայտարարում էին, որ պետք է լինի գործընթաց եւ ինստիտուտներ, որոնք կարող են մասնակցել վերականգնմանը։

Կարծում եմ, մենք հիմա ընդհանրապես այդ փուլում չենք: Չկա զգացում, որ աշխարհը կորցված է։ Այլ կա աշխարհի հսկայական մասի միասնության զգացում մեկ ձեռնարկում՝ վերջ տալ պատերազմին Ուկրաինայում։ Հետեւաբար, ես չեմ տեսնում, որ մենք գտնվում ենք աշխարհի հետդոլարային փուլում»,- պատասխանել է ՀԲ նախագահը։

Նրա խոսքով՝ ներկայիս «աշխարհը բավականին լավ է աշխատում ֆինանսական համակարգի տեսանկյունից»։ Մելպասը հրատապ խնդիրներից առանձնացրել է աղքատ երկրների պարտքի բարձր մակարդակը։



1944 թվականի ամռանը ԱՄՆ-ի նախաձեռնությամբ գումարվեց արժութաֆինանսական համաժողովը։ Այն անցկացվեց հուլիսի 1-ից 22-ը Բրետոն Վուդսում (ԱՄՆ Նյու Հեմփշիր նահանգ)՝ 44 պետություններից (ներառյալ ԽՍՀՄ) 730 պատվիրակների մասնակցությամբ։ Դրա արդյունքում ստորագրվեցին համաձայնագրեր արժութային  փոխարժեքների ձեւավորման սկզբունքների, ինչպես նաեւ այնպիսի ֆինանսական հաստատությունների ստեղծման վերաբերյալ, ինչպիսիք են Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Համաշխարհային բանկը:

Բրետոն-Վուդսյան համակարգը պահպանեց ոսկու՝ միջազգային վճարային միջոցի եւ հաշվարկային միավորի կարգավիճակը, ինչպես նաեւ ներդրեց երկու պահուստային արժույթ՝ ԱՄՆ դոլար եւ բրիտանական ֆունտ ստերլինգ: Սակայն պահուստային հիմնական արժույթը փաստացի դարձավ դոլարը, ինչը բացատրվում էր վերջինիս կայունությամբ։ Արդյունքում դոլարը, որպես ոսկու փոխարկվող արժույթ, դարձավ միջազգային հաշվարկների, արժութային ինտերվենցիաների եւ պահուստային ակտիվների հիմնական միջոցը։

1971 թվականի օգոստոսի 15-ին ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը հայտարարեց դոլարը ոսկու փոխարկելու արգելքի մասին։ Այս քայլը փաստացի հանգեցրեց Բրետոն-Վուդսյան արժութային համակարգի դադարեցմանը։
Դիտում՝ 3681
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW