Ներկայացվել են ՌԴ միջազգային պահուստների կառուցվածքն ու աշխարհագրությունը

12.04.2022 | 05:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՌԴ ԿԲ #միջազգային պահուստներ
Ռուսաստանը, չնայած արեւմտյան երկրների կողմից ՌԴ Կենտրոնական բանկի պահուստների մի մասի սառեցմանը, նախկինի պես բավականաչափ պաշարներ ունի ոսկով եւ յուանով։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Ռուսաստանի Բանկի (ԿԲ) ղեկավար Էլվիրա Նաբիուլինայի՝ ԿԲ տարեկան զեկույցին կից ուղերձում։

Զեկույցի համաձայն՝ 2021 թվականի վերջին Ռուսաստանի Բանկի ակտիվներն արտարժույթներով եւ ոսկով կազմել են $612,9 միլիարդ, որից $481,4 միլիարդն արժութային ակտիվներն են, իսկ $131,5 միլիարդը բաժին է հասնում ոսկուն:

«2014 թվականից ի վեր Ռուսաստանի Բանկը հետեւողականորեն իրականացրել է միջազգային պահուստների ավելացման եւ դիվերսիֆիկացման քաղաքականություն՝ անվտանգության երկու բարձիկ ունենալու համար. ֆինանսական ռիսկերի դեպքում, երբ առկա է ֆինանսական շուկայի բարձր պահանջարկը ԱՄՆ դոլարի եւ եվրոյի նկատմամբ, եւ աշխարհաքաղաքական ճգնաժամի դեպքում, երբ կարող է սահմանափակվել Ռուսաստանի հասանելիությունը պահուստային արժույթների մեծ մասին։ Եվ այսօր՝ արեւմտյան երկրների կողմից իրենց արժույթներով պահուստների սառեցումից հետո, Ռուսաստանը շարունակում է բավարար ծավալով պաշարներ ունենալ ոսկով եւ յուանով»,- ասել է Նաբիուլինան։

Պահուստների կառուցվածքն եւ աշխարհագրությունը

Ինչպես հետեւում է ՌԴ ԿԲ-ի զեկույցից, 2021 թվականին յուանի մասնաբաժինը Ռուսաստանի Բանկի պահուստներում աճել է 12,8%-ից մինչեւ 17,1%, մինչդեռ դոլարի մասնաբաժինը նվազել է 21,2%-ից մինչեւ 10,9%: Միաժամանակ, եվրոյով պահուստներն աճել են 29,2%-ից մինչեւ 33,9%, իսկ ոսկով կրճատվել են 23,3%-ից մինչեւ 21,5%: Ֆունտ ստերլինգը Կենտրոնական բանկի ընդհանուր պահուստների ծավալում տարեվերջին կազմել է 6,2% (այս արժույթի մասնաբաժինը տարվա ընթացքում մնացել է գրեթե անփոփոխ), մինչդեռ այլ արժույթներով պահուստների մասնաբաժինը տարեվերջին հասել է 10,4%-ի (2021թ. սկզբին այս ցուցանիշը 7,2% էր)։

ՌԴ Կենտրոնական բանկի արտարժույթներով եւ ոսկով ակտիվների աշխարհագրական բաշխման համաձայն՝ տարվա ընթացքում ամենաշատն աճել է Գերմանիայի մասնաբաժինը` 10,8%-ից մինչեւ 15,7%, ավելացել է նաեւ Չինաստանի մասնաբաժինը՝ 14,2%-ից մինչեւ 16,8%: Միաժամանակ, Ռուսաստանի Բանկի ակտիվների կառուցվածքում Ճապոնիայի մասնաբաժինը 12,7%-ից նվազել է մինչեւ 9,3%:

Ընդհանուր առմամբ, 2021 թվականի ընթացքում Ռուսաստանի Բանկի ակտիվների ծավալն արտարժույթներով եւ ոսկով աճել է $24,9 միլիարդով։ Միաժամանակ, ոսկով ակտիվների ծավալը նվազել է 7 տոննայով՝ հիմնականում թանկարժեք մետաղներից պատրաստված մետաղադրամների տեսքով ոսկու իրացման հետեւանքով։ Արդյունքում՝ 2021 թվականի վերջին Ռուսաստանի Բանկի ոսկով ակտիվների ծավալը կազմել է 2248 տոննա։

Ռուսաստանի տնտեսությունը պաշտպանելու քաղաքականություն

Նաբիուլինայի կարծիքով՝ Ռուսաստանի տնտեսությունը կկարողանա վերադառնալ աճի հետագծին։ «2022 թվականին Ռուսաստանի բանկը կիրականացնի ռուսաստանյան տնտեսությունը եւ ֆինանսական համակարգը, քաղաքացիների եկամուտներն ու խնայողություններն արեւմտյան երկրների կոշտ պատժամիջոցներից պաշտպանելու քաղաքականություն, կկիրառի բոլոր անհրաժեշտ գործիքները՝ ֆինանսական եւ գնային կայունության համար ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով։ Նոր պայմաններին հարմարվելու բարդ գործընթացն անխուսափելիորեն կհանգեցնի ՀՆԱ-ի անկմանը, սակայն Ռուսաստանի տնտեսությունը կկարողանա վերադառնալ աճի հետագծին, զարգացնել արտադրությունը, ստեղծել նոր աշխատատեղեր եւ ավելացնել ներքին ներդրումները»,- նշել է ԿԲ ղեկավարը։

Նրա խոսքով՝ դրամավարկային քաղաքականությունը պետք է ոչ միայն ապահովի գների կայունությունը, այլեւ աջակցի տնտեսության կառուցվածքային վերակառուցմանը։ «Գնաճը որոշ ժամանակ բարձր կլինի նպատակային ցուցանիշից։ Սա անհրաժեշտ է, որպեսզի տեղի ունենա հարաբերական գների փոփոխություն, որպեսզի ձեռնարկությունները կարողանան գտնել նոր բիզնես մոդել՝ նոր մատակարարներով եւ ապառման շուկաներով: Գնաճը կվերադառնա թիրախային մակարդակին 2024 թվականին»,- ընդգծել է ԿԲ նախագահը։

Նա նաեւ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանի բանկային հատվածը հաջողությամբ հաղթահարեց համավարակը, ինչում դրան օգնեցին կուտակված բուֆերները, կարգավորչական թուլացումներն ու տնտեսական վերականգնումը։ «Բանկերի կայունությունը 2022 թվականի սկզբին թղթային չէ, այլ իրական ։ Եվ նոր հանգամանքներում դա թույլ է տալիս բանկերին օգնել իրենց հաճախորդներին»,- եզրափակել է Նաբիուլինան:
Դիտում՝ 3621
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW