Սիլուանով․ ՌԴ-ն կդիմի դատարաններ, եթե Արեւմուտքը դեֆոլտ հայտարարի երկրին

11.04.2022 | 10:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Անտոն Սիլուանով #Ռուսաստան #դեֆոլտ
Ռուսաստանը կդիմի դատարաններ, եթե Արեւմուտքը եվրապարտատոմսերով պարտավորությունները չկատարելու համար դեֆոլտ հայտարարի երկրին, ասել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում։

«Ներկայիս ճգնաժամը ցույց տվեց, որ ժողովրդավարության, մասնավոր սեփականության անձեռնմխելիության եւ արեւմտյան այլ արժեքների վրա հիմնված բոլոր հիմնական արեւմտյան հիմքերը փլուզվում են, ուստի մենք կասկածի տակ ենք դնում նաեւ նրանց դատական համակարգի օբյեկտիվությունը։

«Բնականաբար, մենք դատի կտանք, քանի որ ձեռնարկել ենք բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի ներդրողները ստանան իրենց վճարումները։ Մենք դատարանում կներկայացնենք մեր վճարման հանձնարարականները, որոնք հաստատում են մեր ջանքերը վճարելու թե՛ արտարժույթով, թե՛ ռուբլով։ Դա հեշտ գործընթաց չի լինի։ Մենք ստիպված կլինենք ակտիվորեն ապացուցել, որ մենք ճիշտ ենք՝  չնայած բոլոր դժվարություններին»,- ասել է Սիլուանովը։

Նրա խոսքով՝ դեֆոլտը վարկառուի կողմից իր պարտավորությունները չկատարելն է, սակայն Ռուսաստանը բարեխղճորեն փորձել է կատարել դրանք արտաքին վարկատուների նկատմամբ՝ պարտքը մարելու համար համապատասխան գումարներն արտարժույթով փոխանցելով։ «Այնուամենայնիվ, արեւմտյան երկրների գիտակցված քաղաքականությունն է՝ բոլոր միջոցներով արհեստականորեն ստեղծել ձեռակերտ դեֆոլտ»,- ասել է նախարարը։



«Եթե մեր երկրի դեմ տնտեսական ու ֆինանսական պատերազմ է ընթանում, մենք ստիպված ենք արձագանքել՝ այնուամենայնիվ, կատարելով մեր բոլոր պարտավորությունները։ Եթե մեզ թույլ չեն տալիս դա անել արտարժույթով, մենք անում ենք  ռուբլով»,- ընդգծել է Սիլուանովը՝ հավելելով, որ արեւմտյան երկրներն արգելել են օգտագործել սառեցված միջոցները արտաքին վարկատուների նկատմամբ պարտավորությունները կատարելու համար՝ դրանով իսկ պատժելով սեփական ներդրողներին։

Ինչպես նշել է նախարարը, այժմ շուկաներում պարտք վերցնելու կարիք չկա։ «Մենք փոխել ենք բյուջետային քաղաքականությունը, եւ բոլոր եկամուտները, որոնք մտնում են բյուջե, ներառյալ՝ նավթագազային միջոցները, մեր ծախսերի աղբյուր են հանդիսանում եւ պարտավորությունները մարելու ռեսուրս՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին: Մենք այս տարի չենք նախատեսում մուտք գործել ոչ ներքին, ոչ արտաքին շուկաներ։ Դա անիմաստ է, քանի որ նման փոխառությունների արժեքը տիեզերական կլիներ։

Եթե խոսենք  ապագայում արտաքին շուկաներ դուրս գալու մասին, ապա տեսնենք, թե իրավիճակն ինչպես կզարգանա։ Կարծում եմ, մոտ ապագայում դա դժվար թե հնարավոր լինի։ Եթե պարտք վերցնելու լինենք, ապա, առաջին հերթին, ներքին ներդրողներից»,- ասել է նա։

Նախարարը տեղեկացրել է, որ ընդհանուր արտաքին պարտավորությունները կազմում են ընդհանուր պետական պարտքի ծավալների մոտ 20%-ը։ Պետական պարտքի ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 21 տրիլիոն ռուբլի։ Մոտ 4,5-4,7 տրիլիոնը՝ արտաքին պարտավորություններն են։



Անդրադառնալով Bloomberg-ի այն գնահատականին, ըստ որի, չնայած Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին եւ պատժամիջոցներին, Ռուսաստանն այս տարի նավթի եւ գազի արտահանումից կարող է մեկ երրորդով ավելի շատ վաստակել, քան 2021 թվականին, Սիլուանովը, մասնավորապես, ասել է.

«Մենք շարունակում ենք վաստակել էներգակիրների վրա։ Արտարժույթ երկիր մտնում է: 1998 թվականն ու ներկա իրավիճակը անհնար է համեմատել, դրանք տարբեր են (1998թ․ օգոստոսի 17-ին Ռուսաստանում երկրի պարտավորություններով տեխնիկական դեֆոլտ է տեղի ունեցել - Banks.am ): Մարդկանց համար կարեւոր է, որ ռուբլու եւ արտարժույթների փոխարժեքային հարաբերակցությունների փոփոխություն է տեղի ունեցել։ Ռուբլին սկզբում արժեզրկվեց պատժամիջոցների կիրառումից հետո, բայց հիմա տեսնում ենք, որ վճարային հաշվեկշիռը փոխվել է, այն շատ ավելի ամրապնդվել է։ Դա պայմանավորված է նրանով, որ արտահանման եկամուտները գործնականում մնացել են անփոփոխ, մինչդեռ ներմուծման մասով կտրուկ նվազել են լոգիստիկ կամ արեւմտյան երկրների կողմից ներմուծման որոշ տեսակների նկատմամբ կիրառվող սահմանափակումների պատճառով։

Մենք ունենք շատ ուժեղ վճարային հաշվեկշիռ եւ դա դեռ այն դեպքում, երբ սահմանափակել ենք գործարքների կապիտալ հաշիվը, եւ երկրից ներդրումների դուրսբերումը գործնականում սառեցված է։ Այս առումով մենք տեսնում ենք, որ ռուբլու փոխարժեքը սկսել է ամրապնդվել։ Այսօր փոխարժեքը վերադարձել է իր նախկին դիրքերին, եւ դա էապես տարբերվում է 1998 թվականի իրավիճակից, երբ փոխարժեքը կտրուկ բարձրացավ եւ պահպանվեց նույն բարձր մակարդակներում։

Ինչ վերաբերում է քաղաքացիներին, ապա, այո, դեռեւս կան որոշակի սահմանափակումներ բանկերում իրենց արտարժութային հաշիվներից արտարժույթի դուրսբերման մասով, դրանք աստիճանաբար կթուլանան։ Սա հրատապ արձագանք էր այն պատժամիջոցներին, որոնք կիրառվեցին ռուսաստանյան բանկերի եւ ամբողջ երկրի դեմ։ Իրավիճակի նորմալացմանը զուգընթաց այն սահմանափակումները, որոնք ստիպված կիրառվեցին կառավարության եւ Կենտրոնական բանկի կողմից, կվերացվեն»։
Դիտում՝ 3835
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW