Աշխարհաքաղաքական զարգացումները մեծ անորոշության մեջ են թողնում տնտեսական հեռանկարները Հայաստանում եւ ներկայացնում աճի տեմպերի նվազեցման լուրջ ռիսկեր։Այս մասին ասված է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) այսօր հրապարակած 2022 թվականի Ասիական զարգացման հեռանկարներ (ԱԶՀ) ուսումնասիրության մեջ:«Եթե Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներից եկող հավելյալ կողմնակի ազդեցություններ չլինեն՝ 2022 թվականին կանխատեսվում է Հայաստանի տնտեսական աճի նվազում՝ 2021 թվականի 5.7%-ից մինչեւ 2.8%-ի։ Սպասվում է, որ տնտեսական ցնցումների ազդեցության թուլացման արդյունքում 2023 թվականին կրկին կարձանագրվի աճ, որը կկազմի 3.8%։ Սպասվում է բոլոր հիմնական ոլորտների չափավոր ընդլայնում։ Կանխատեսվում է 2022 թվականին գյուղատնտեսության ոլորտի աճ 2.5%-ով։ Միեւնույն ժամանակ, ըստ կանխատեսումների, 2022 թվականին գնաճի տեմպերը կավելանան՝ կազմելով առնվազն 9%, պայմանավորված համաշխարհային գների եւ կոմունալ ծառայությունների սակագների բարձրացումով, ինչից հետո՝ 2023 թվականին կնվազեն՝ 2023 թվականին կազմելով 7.5%»,- ասված է հաղորդագրության մեջ։Ուսումնասիրության մեջ նաեւ նշվում է, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ամենալուրջ ռիսկն է Ասիայի զարգացող երկրների տնտեսական հեռանկարների համար։ Արդեն իսկ այս պատերազմը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանի երկրների վրա՝ արձանագրելով ապրանքների, զորօրինակ՝ նավթի գների կտրուկ աճ, եւ այն մեծացրել է անկայունությունը համաշխարհային ֆինանսական շուկաներում։ Քովիդ-19-ի ազդեցությունը շարունակվում է Ասիայի զարգացող երկրների տարբեր մասերում՝ որոշ երկրներում հիվանդության դեպքերի թվերի շոշափելի աճի դրսեւորումներ:Միաժամանակ, համաձայն ԱԶԲ կանխատեսման՝ Ասիայի զարգացող երկրների տնտեսություններն այս տարի կարձանագրեն 5.2%-ի, իսկ 2023 թվականին՝ 5.3%-ի աճ՝ պայմանավորված ներքին պահանջարկի սրընթաց վերականգնմամբ եւ արտահանման շարունակվող ընդլայնմամբ։ Tweet Դիտում՝ 2929