Փորձագետներն ահազանգում են սննդամթերքի գլոբալ դեֆիցիտի սպառնալիքների մասին

07.04.2022 | 14:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Պարեն #դեֆիցիտ #պատժամիջոցներ
Աշնանն աշխարհը կարող է կանգնել սննդամթերքի դեֆիցիտի առաջ, երբ էներգառեսուրսների բարձր արժեքին կգումարվի հացահատիկի պակասը շուկաներում։

Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի համաշխարհային ֆինանսների ամբիոնի դոցենտ Լազար Բադալովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վնասում են ոչ միայն ՌԴ-ին, այլեւ հենց եվրոպական, ինչպես նաեւ աֆրիկյան ու մերձավորարեւելյան երկրներին։ «Այժմ շատ քաղաքական գործիչներ Արեւմուտքում փորձում են իրենց տնտեսությունների խնդիրները բացատրել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով, այլ ոչ թե Ռուսաստանի դեմ պատժամիջոցներով, այլապես նրանք ստիպված կլինեն ընդունել իրենց մեղքը ծագած խնդիրների մեջ»,- նշել է փորձագետը։

Իր հերթին, Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի առեւտրային քաղաքականության ամբիոնի պրոֆեսոր Իբրահիմ Ռամազանովը Prime գործակալությանն ասել է, որ պատժամիջոցների ճնշման ֆոնին պարենի արտադրության կրճատումն աշխարհում գնալով ավելի ակնհայտ է դառնում:

Պատճառները՝ տնտեսական հարաբերությունների եւ պարենային հումքի ու պարարտանյութերի մատակարարումների  խախտումն է, էներգակիրների աճող դեֆիցիտն ու գների բարձրացումը։

Ինչպես նշել է փորձագետը, Ռուսաստանը սննդամթերքի արտադրության հիմնական հումքի՝ հացահատիկի, պարարտանյութերի, էներգակիրների գլխավոր արտահանողներից է։ «Ստեղված պայմաններում այն չի կարողանա փոխհատուցել աշխարհում սննդի սպասվող դեֆիցիտը»,- ասել է նա։

Միաժամանակ, պարենի, պարարտանյութերի եւ էներգակիրների համաշխարհային շուկայում Ռուսաստանին լիարժեք փոխարինող այլընտրանքային աղբյուրներ չկան, կարծում է Ռամազանովը։

Բացի Ռուսաստանից, պարենային հացահատիկ համաշխարհային շուկա են մատակարարում Կանադան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ավստրալիան, Ուկրաինան, Արգենտինան, Ռումինիան եւ մի շարք այլ երկրներ։ «Կարելի է ակնկալել, որ այս սեզոնին նշված երկրներում կնվազի նաեւ պարենային հումքի արտադրությունը՝ պարարտանյութերի, լոգիստիկայի եւ էներգակիրների գների բարձրացման ու պակասի պատճառով»,- կանխատեսում է փորձագետը։

Հարցին՝ կարո՞ղ են արդյոք սննդամթերք արտահանող որոշ երկրներ օգուտ քաղել ստեղծված իրավիճակից, նա ասել է, որ դրա համար նախադրյալներ չկան։



Ավելի վաղ ներկայացրել էինք համաշխարհային գյուղատնտեսության ոլորտում մասնագիտացած ֆրանսիական Demeter վերլուծական կենտրոնի ղեկավար Սեբաստիեն Աբիսի կարծիքը, որի համաձայն Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կշարունակի կարեւոր դեր խաղալ միջազգային ասպարեզում՝ մնալով հացահատիկի աշխարհի խոշորագույն մատակարարներից մեկը։

«Ցորենն ավելի քան երբեւէ դառնում է աշխարհաքաղաքական խնդիր»,- ասել էր նա։ «Որովհետեւ այս ամենի հետեւում կա նաեւ այն հարցը, թե ինչպես կդիրքավորվեն պետությունները ռուսաստանյան շուկայի նկատմամբ։ Կշարունակի՞ արդյոք Ռուսաստանը հացահատիկի արտահանումը: Հաշվի առնելով որոշ երկրների կարիքները՝ Մոսկվան համարյա անկասկած կշարունակի կարեւոր դեր խաղալ միջազգային ասպարեզում»,- ընդգծել էր Աբիսը։

Իսկ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գլխավոր տնօրեն Ցույ Դունյույը (Qu Dongyu) մարտի սկզբին հայտարարել էր, որ պարենի համաշխարհային արտադրության եւ մատակարարման մեջ գլխավոր տեղ զբաղեցնող Ռուսաստանի եւ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները սպառնում են համաշխարհային պարենային անվտանգությանը։   

«Ուկրաինայից եւ Ռուսաստանից հացահատիկային եւ ձեթային մշակաբույսերի արտադրական եւ մատակարարման շղթաների խափանումները, ինչպես նաեւ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող արտահանման սահմանափակումներն էական ազդեցություն կունենան պարենային անվտանգության մակարդակի վրա»,- նշել էր FAO-ի ղեկավարը։
Դիտում՝ 3966
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW