Moody's-ը գնահատել է ՌԴ-ՆԱՏՕ հիպոթետիկ հակամարտության հետեւանքները

29.03.2022 | 09:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#Moody's #ՌԴ #ՆԱՏՕ
Ուկրաինայում ՌԴ-ի ռազմական գործողությունը մտավախություն է առաջացրել Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի երկրների միջեւ ավելի լայն առճակատման հնարավոր ռիսկերի վերաբերյալ, գրում է Moody's Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունն իր նոր զեկույցի մեջ։

«Մենք քիչ հավանական ենք համարում նման էսկալացիան՝ դրա ծանր մարդասիրական, քաղաքական եւ տնտեսական հետեւանքների պատճառով»,- նշում է գործակալությունը։ Նման սցենարը Moody's-ը դիտարկում է ոչ թե որպես հիմնական, այլ՝ «այլընտրանքային անբարենպաստ», հաղորդում է RBC-ն։

Եվրոպայի այն երկրների համար, որոնք կարող են ներգրավվել նման հիպոթետիկ հակամարտության մեջ, առաջնային հետեւանքները կլինեն «մարդասիրական, ներառյալ՝ մարդկային կյանքի կորուստները եւ բռնի տեղահանումը»: Այս երկրներում ՀՆԱ-ի աճն ուժեղ կնվազի «ենթակառուցվածքների ոչնչացման, արտադրության անկման եւ սպառողական պահանջարկի նվազման պատճառով»,- կարծում է Moody's-ը: Շուկաներում աճող անորոշությունը կհանգեցնի վարկային սպրեդների ընդլայնմանը (եվրոպական պարտատոմսերով տոկոսադրույքների աճի՝ ԱՄՆ պետական արժեթղթերի նկատմամբ), առանձին ֆինանսական հաստատությունների սնանկացման ռիսկի ավելացմանը, իրացվելիության դեֆիցիտի եւ սոցիալական լարվածության աճի ինչպես ՆԱՏՕ-ի երկրներում, այնպես էլ Ռուսաստանում, նշում են Moody's-ում։

Ռիսկեր՝ կիբեռհարձակումներից մինչեւ գնաճ

Հաշվի առնելով աշխարհագրական գործոնը՝ Moody's-ը կարծում է, որ էսկալացիայի ընդլայնման ռիսկերը կարող են առաջին հերթին ազդել Լեհաստանի եւ Բալթյան երկրների վրա։ Ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ Եվրամիության հիմնարար համաձայնագրերը ներառում են կոլեկտիվ պաշտպանության դրույթներ, նշում է Moody's-ը։ Հիպոթետիկ հակամարտության հիմնական հետեւանքների թվում գործակալությունը նշում է.

- կիբերհառձակումների էսկալացիա. «կրիտիկական» ենթակառուցվածքը (պաշտպանական օբյեկտները, էներգետիկ եւ կոմունալ ծառայությունների ոլորտների ձեռնարկությունները եւ, հնարավոր է, ֆինանսական շուկաների ենթակառուցվածքը) կարող են դառնալ նման հարձակումների թիրախ,

- միգրացիայի ալիք եւ բնակչության տեղափոխություն. Moody's-ի տվյալներով՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների արդյունքում փախստականների թիվն արդեն գնահատվում է 3,5 միլիոն, «Ռուսաստան-ՆԱՏՕ ավելի լայն հակամարտությունն, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի զանգվածային անդրսահմանային միգրացիայի, ինչը նոր սոցիալական ռիսկեր կստեղծի ինքնիշխան պետությունների համար»,

- ներգրավված պետությունների բյուջետային դեֆիցիտների աճ. տնտեսական ակտիվության զգալի մասը ստիպված կուղղվի զենքի եւ ռազմական տեխնիկայի արտադրությանը, ինչը կհանգեցնի բյուջետային զգալի դեֆիցիտների ՆԱՏՕ-ի երկրներում,

- հետագա գլոբալ գնաճ. նման սցենարի դեպքում ՆԱՏՕ-ի երկրները եւ դրանց դաշնակիցները, ամենայն հավանականությամբ, կխզեն Ռուսաստանի հետ մնացած բոլոր կապերը, ներառյալ՝ ռուսաստանյան նավթի եւ գազի ներմուծումը, կարծում է Moody's-ը, ինչը կհանգեցնի էներգակիրների, ինչպես նաեւ ցորենի, արեւածաղկի ձեթի, եգիպտացորենի եւ պարարտանյութերի գների բարձրացմանը,

- խափանումներ մատակարարման շղթաներում. օրինակ, արտադրական շղթաների խափանումները հնարավոր կլինեն այն դեպքերում, երբ գլոբալ ընկերությունները գործարաններ ունեն ՆԱՏՕ-ի երկրներում (Ford եւ Volkswagen ավտոարտադրողները բաղադրիչներ են գնում Արեւելյան Եվրոպայում):



Ոչ ավանդական հակամարտության ռիսկը

Moody's-ը դիտարկում է ավելի հիպոթետիկ սցենարներ, ինչպիսիք են Չինաստանի կամ Հնդկաստանի նման խոշոր երկրների ներգրավումը հակամարտության մեջ: Գործակալության փորձագետները քննարկում են նաեւ կենսաբանական, քիմիական կամ միջուկային զենքի կիրառման ռիսկը։ «Միջուկային զենքի ցանկացած կիրառում կունենա սարսափելի հետեւանքներ, արմատապես կխախտի միջազգային հարաբերությունները եւ զգալի մարտահրավերներ կբերի համաշխարհային մասշտաբով քաղաքականության արդյունավետությանը»,- նշում է գործակալությունը: Կենտրոնական բանկերը եւ կառավարությունները ստիպված կլինեն ձեռք ձեռքի տված աշխատել տնտեսությունը ճգնաժամային ռեժիմում կառավարելու համար. ամենայն հավանականությամբ, կհետեւի բյուջետային դեֆիցիտների ուղղակի ֆինանսավորումը տպած փողերով։

ՆԱՏՕ-ի երկրներում «խորը սթրեսային սցենարի» դեպքում որոշ ակտիվներ կարող են ազգայնացվել. օրինակ՝ պետությունները կարող են վերահսկողության տակ վերցնել զենքի արտադրությունը կամ բանկային համակարգերը: Այս երկրներում պետական հատվածի մասնաբաժինը զգալիորեն կավելանա, պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը ուժեղ կաճի, եւ կառավարությունները կարող են նաեւ կիրառել գների կարգավորման եւ կապիտալի տեղաշարժի վերահսկողության մեթոդներ: «Երկրները դուրս կգան Ռուսաստան-ՆԱՏՕ պոտենցիալ հակամարտությունից՝ էականորեն ավելի մեծ պարտքային բեռով, որը պետք է զգույշ կառավարվի՝ կախված յուրաքանչյուր երկրի անհատական ձեւից, ինչպես դա եղավ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պարտքային մակարդակների էվոլյուցիայի դեպքում»,- գրում է Moody's-ը։
Դիտում՝ 2122
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW