Բեռնափոխադրումների դոմինոյի էֆեկտը․ «կործանարար խափանումներ» ամենուր

26.03.2022 | 21:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Forbes #բեռնափոխադրումներ #ճգնաժամ
Ուկրաինայում իրադարձությունների պատճառով ամբողջ աշխարհում քանդվում են մատակարարման շղթաները, որոնք դեռ չեն հասցրել վերականգնվել համավարակից։ Բեռնափոխադրողները ստիպված են փոխել երթուղիները եւ կտրուկ բարձրացնել ծառայությունների արժեքը, ինչն, արդյունքում, կարող է հանգեցնել սպառողների համար շատ ապրանքների գների բարձրացման: Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը պարզել է՝ ինչու է ամբողջ աշխարհում բեռնափոխադրումը դառնում ավելի թանկ ու երկար, եւ երբ այս ամենը կավարտվի։

«Կործանարար խափանումներ»

Բեռնափոխադրումների ոլորտում իրավիճակի վրա ազդում են միանգամից մի քանի գործոն․ Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցները, վառելիքի թանկացումը եւ պատերազմական գոտում գտնվող ծովային նավահանգիստներից օգտվելու անկարողությունը։ Մատակարարման շղթաներում առաջացած խափանումներն արդեն ազդում են ամերիկյան եւ եվրոպական բիզնեսների աշխատանքի վրա:

Այսպես, Գերմանիայի առեւտրաարդյունաբերական պալատների դաշնային միավորման (DIHK) կողմից անցկացված հարցումը ցույց է տվել, որ գերմանական ձեռնարկությունների մոտ 60%-ը բախվում է լոգիստիկ ընդհատումների հետ: Իսկ Interos հարթակը հաշվարկել է, որ միայն ԱՄՆ-ում եւ Եվրոպայում Ռուսաստանից ու Ուկրաինայից առաքումների հետ կապված դժվարություններ կարող են ունենալ ավելի քան 300 000 ընկերություն։

Kearney խորհրդատվական ընկերությունում կարծում են, որ ստեղծված վիճակը կարող է ազդել նույնիսկ այն ընկերությունների վրա, որոնք անմիջականորեն կախված չեն ռուսաստանյան եւ ուկրաինական մատակարարներից։ Ընկերության գործընկեր Պեր Հոնգի խոսքով՝ տրանսպորտի հետ կապված խնդիրները կարող են «հանգեցնել կործանարար խափանումների բոլոր ոլորտներում՝ էներգետիկայից մինչեւ գյուղատնտեսություն»։ Բեռնափոխադրողներն իրենք այժմ զգալի վնասներ են կրում։ Օրինակ, ամերիկյան Landstar տրանսպորտային ընկերության գնահատականների համաձայն՝ միայն 2022 թվականի առաջին եռամսյակում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները կարող են արժենալ $100 միլիոն։



Համաշխարհային լոգիստիկայի հետ կապված խնդիրների աճող ալիքը դրդում է արեւմտյան ընկերություններին կառուցել մատակարարման տեղական շղթաներ, նույնիսկ եթե դա իրենցից պահանջի գների հավելյալ բարձրացում: «Միակ բանը, որում կարելի է վստահ լինել այս պահին այն է, որ գլոբալ մատակարարման շղթաների մարտահրավերները տեսանելի ապագայում կավելանան», - ասել է  Causality Link ֆինտեխ ընկերության ղեկավար Դեյվիդ Սիմչի-Լեւին Harvard Business Review-ի համար գրած սյունակում։

Ուշացումներ, ծախսեր եւ կուտակումներ

Ամենից շատ բեռնափոխադրումների ոլորտն այժմ տուժում է այն պատճառով, որ փոխադրողները պետք է շտապ փոխեն երթուղիները։ Որոշ երկրների կողմից փակված օդային տարածքը ստիպում է օտարերկրյա ավիափոխադրողներին փնտրել թռիչքների շրջանցման տարբերակներ եւ կատարել լրացուցիչ կանգառներ, ինչը հանգեցնում է ծախսերի եւ առաքման ժամանակի ավելացման: Ըստ Eurocontrol-ի (Օդային նավագնացության անվտանգության եվրոպական կազմակերպություն) Ասիայից դեպի Եվրոպա որոշ չվերթերի ժամանակ թռիչքի ժամանակը ավելացել է մեկուկես-երկու ժամով։ Իսկ Հելսինկիից Տոկիո չվերթի տեւողությունը ավելացել է գրեթե հինգ ժամով։

Այս ամենը, ըստ Նիլս Լարսենի, որը ղեկավարում է դանիական DSV տրանսպորտային եւ լոգիստիկ ընկերության հյուսիսամերիկյան ստորաբաժանումը, զգալիորեն կրճատել է օդային փոխադրումների հնարավորությունները։ Դրանք արդեն աշխատում են զգալիորեն ավելի ցածր մակարդակում, քան համավարակից առաջ: «Դա կհանգեցնի հսկայական ալիքային էֆեկտների, որոնց ոչ ոք պատրաստ չէր: Փաստորեն, մենք կվերադառնանք COVID-19 համաճարակի հենց սկզբնական իրավիճակի, երբ ամեն ինչ շատ վատ էր»,- ասել է Լարսենը Washington Post-ին տված հարցազրույցում։



Իրենց հերթին, շատ ծովային փոխադրողներ արգելքների եւ բարձր ռիսկերի պատճառով սկսել են խուսափել Ազով եւ Սեւ ծովեր մուտք գործելուց։ Արդյունքում միջերկրածովյան նավահանգիստների ծանրաբեռնվածությունը մեծանում է, ինչը երկարացնում է ապրանքների առաքման ժամանակը։ «Անցած տարի Սուեզի ջրանցքում տեղի ունեցած միջադեպը ցույց տվեց, որ առեւտրային ուղիները փոխկապակցված են, ինչը նշանակում է, որ դոմինոյի էֆեկտը հնարավոր է ծովային բեռնափոխադրումների ամբողջ ցանցում», - զգուշացնում են Scan Global Logistics ընկերությունում: Իսկ իսրայելական Windward հետազոտական ընկերությունը տեղի ունեցածը համեմատում է «երկրաշարժի» հետ համաշխարհային նավագնացության եւ առեւտրի համար:

Ասիական արտահանողներն արդեն մշակում են Ռուսաստան եւ ԱՊՀ երկրներ ապրանքների առաքման այլընտրանքային ուղիներ։ Մասնավորապես, ըստ հնդկական լրատվամիջոցների, տարբերակներից մեկը դիտարկվում է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը (INSTC), որը Մումբայը կապում է Մոսկվայի հետ Իրանի եւ Ադրբեջանի տարածքով։

«Հին եւ բարի համավարակը»

Այն ամենը, ինչ տեղի է ունենում, ստիպում է ծովային փոխադրողներին թանկացնել իրենց ծառայությունների արժեքը։ Սեւ եւ Ազով ծովերում աշխատելու ռիսկերի ավելացման պատճառով լցանավերի համար բեռնափոխադրումների գները բարձրացել են վերջին երկու տարվա ընթացքում իրենց ամենաբարձր մակարդակին: Իսկ նավերի սեփականատերերը, ովքեր համաձայնում են մեկնել հակամարտության գոտի, կարող են օրական ավելի քան $200 հազար վաստակել, հայտնում է The Wall Street Journal-ը:



Շուկայի խաղացողների վրա լրացուցիչ բեռ է վառելիքի ինքնարժեքի բարձրացումը։ Freightos Air Index (FAX) տվյալները ցույց են տալիս, որ Չինաստանի եւ Եվրոպայի միջեւ օդային փոխադրումների սակագները փետրվարի վերջից աճել են ավելի քան 30%-ով։

Իհարկե, բեռներ ստացողները կփորձեն ավելացած ծախսերի մի մասը տեղափոխել վերջնական գնորդների ուսերին: Որքան երկար շարունակվի հակամարտությունը, այնքան ավելի խորը կլինեն մատակարարման խնդիրները, ինչը կբարձրացնի սպառողական գներն ամեն ինչի վրա՝ հացից մինչեւ մարտկոցներ եւ մեքենաներ, մատակարարման շղթաները վերահսկող FourKites հարթակում: «Հիշո՞ւմ եք համաճարակը. Իրականում դա հին ու բարի ժամանակներ էին»,- մռայլ կատակում է առաքիչներից մեկը։
Դիտում՝ 3207
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW