Բրիտանական HSBC բանկը, որը բաժանմունքներ ունի աշխարհի ավելի քան 60 երկրում, լրացուցիչ ստուգումներ է ներդրել եւ խստացրել սպասարկման կանոններն այն հաճախորդների համար, ովքեր որեւէ կերպ կապված են Ռուսաստանի հետ:ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ երկու աղբյուր։ Բանկը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկատվությունը։Գործակալության զրուցակիցների խոսքով՝ նոր կանոնները վերաբերում են HSBC-ի ինչպես ֆիզիկական, այնպես էլ կորպորատիվ հաճախորդներին։ ՌԴ անձնագրեր կամ երկքաղաքացիություն ունեցողները, ինչպես նաեւ այն անձինք, ովքեր բանկային փաստաթղթերում նշել են ռուսաստանյան հասցեն, ենթակա են լրացուցիչ ստուգումների եւ կարող են մերժում ստանալ հաշիվ բացելու կամ բանկից վարկ ստանալու փորձ կատարելիս:Հաղորդվում է նաեւ, որ վարկային հայտերը քննարկելիս HSBC-ն դադարել է հաշվի առնել հաճախորդների ռուբլով եկամուտները:Ռուսաստանի հետ որեւէ կապ ունեցող բիզնես հաճախորդներին հիմա շատ ավելի մանրակրկիտ են ստուգում HSBC-ում, հատկապես մեծ գումարներ հանելիս կամ ներդնելիս, ինչպես նաեւ նրանց մերժում են նոր վարկեր տրամադրելու հարցում: Reuters-ը նաեւ նշում է, որ Բելառուսի հետ կապված հաճախորդները կարող են կասկածներ առաջացնել բանկի աշխատակիցների մոտ։Ինչպես նշում է գործակալությունը, HSBC-ի նոր քաղաքականությունը պայմանավորված է նրանով, որ բանկը զգուշանում է խախտել Մեծ Բրիտանիայի եւ մի շարք այլ երկրների կողմից առանձին ռուսաստանցիների, ինչպես նաեւ ՌԴ բանկերի, ընկերությունների եւ կազմակերպությունների դեմ պատժամիջոցների ռեժիմը: Հաղորդվում է, որ բանկը գլոբալ ստուգում է իր հաճախորդների մասին տվյալները՝ պարզելու, թե արդյոք նրանք կապված են այն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հետ, որոնց նկատմամբ գործում են պատժամիջոցները: Tweet Դիտում՝ 4125