Եվրոպան պատասխանել է Պուտինի՝ գազի դիմաց ռուբլով վճարելու որոշմանը

25.03.2022 | 10:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուսաստան #գազ #ռուբլի
Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նախօրեին հայտարարել է, որ Եվրամիությունը (ԵՄ) Ռուսաստանին հնարավորություն չի տա շրջանցել պատժամիջոցները եւ բնական գազի դիմաց պահանջել վճարել ռուբլով։

«Դա կլինի միակողմանի որոշում եւ պայմանագրի ակնհայտ խախտում: Սա պատժամիջոցները շրջանցելու փորձ է, մենք թույլ չենք տա մեր սահմանափակումները շրջանցելու գործողություններ։ Անցել է այն ժամանակը, երբ էներգետիկան կարելի էր օգտագործել շանտաժի համար»,- ֆոն դեր Լեյենի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Մարտի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ոչ բարեկամական երկրներից բնական գազի գնորդների համար Ռուսաստանը մատակարարման հաշվարկներում եվրոյից եւ դոլարից անցնում է կատարում ռուբլու։

Դրա համար ՌԴ Կենտրոնական բանկն ու կառավարությունը պետք է մեկ շաբաթվա ընթացքում որոշեն ռուսաստանյան գազի գնորդների կողմից ռուբլու ձեռք բերման կարգը։ Պուտինն ընդգծել է, որ գազի դիմաց վճարումը ռուբլով ապահովելու համար միջոցների շարքը պետք է իրականացվի  «ամենակարճ ժամկետում»։



Սակայն ոչ բոլոր եվրոպացի գործընկերներն են համաձայն նման պահանջներին։ RBC-ն ներկայացրել է նրանց պատասխան հայտարարությունները։

Ավստրիական OMV-ն՝ Եվրոպայում «Գազպրոմ»-ի գլխավոր գործընկերներից մեկը, չի պատրաստվում փոխել ռուսաստանյան գազի դիմաց վճարման արժույթը, ասել է OMV-ի գլխավոր տնօրեն Ալֆրեդ Շթերնը։ «Ես էլ եմ տեսել եմ հաղորդագրությունը լրատվամիջոցներում։ Մեզ դեռեւս ոչ ոք չի զանգահարել, եւ մենք ունենք գործող պայմանագրեր, այնտեղ  ոչ մի նման բան նշված չէ»,- ասել է նա։ Շթերնն ընդգծել է, որ OMV-ն կշարունակի «Գազպրոմ»-ին վճարել եվրոյով, ինչպես նախատեսված է գործող պայմանագրով. «Մենք այլ պայմանագրային հիմք չունենք, ես այլ կերպ չէի էլ կարող վարվել»։

***

Լեհական PGNiG-ի եւ «Գազպրոմ»-ի միջեւ կնքված պայմանագիրը եւս չի նախատեսում արժույթի փոփոխության հնարավորություն, ասել է ընկերության ղեկավար Պավել Մաեւսկին։ Սակայն PGNiG-ն չի մանրամասնել՝ ինչ արժույթով են կատարվում հաշվարկները ռուսաստանյան ընկերության հետ։

***

Լիտվական Ignitis grupe-ը, որը գազ է գնում «Գազպրոմ»-ից (այն կազմում է Ignitis-ի պորտֆելի մեկ երրորդից պակաս), այժմ մտադիր է հրաժարվել ռուսաստանյան գազից, ասել է ընկերության ներկայացուցիչ Արթուրաս Կետլերիուսը՝ մեկնաբանելով վճարումները ռուբլու վերածելու Ռուսաստանի ծրագրերը։ «Մենք «Գազպրոմ»-ին վճարումներ չենք նախատեսում, ուստի սա մեզ համար ակտուալ չէ, սակայն պոպկորն կգնենք»,- ասել է նա։

Ըստ Կետլերիուս-ի՝ 2022 թվականի սկզբից Ignitis-ը «Գազպրոմ»-ից գազ է գնել միայն Լատվիայի եւ Էստոնիայի (այդ երկրների համար գազը պահվում էր Լատվիայի գազապահեստարանում), այլ ոչ թե Լիտվայի համար։ Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն իր հերթին հայտարարել է, որ հնարավոր է ապրել նաեւ առանց ռուսաստանյան գազի, սակայն դրա գնումները շարունակվում են «որոշ տեխնիկական խնդիրների պատճառով»։

***

Պուտինի որոշումը խառնաշփոթ է առաջացրել Գերմանիայի գազի ոլորտում, ասել է Zukunft Gas ոլորտային ասոցիացիայի ղեկավար Թիմ Քելերը: «Մենք մեծ անհանգստությամբ ընդունեցինք այն հաղորդագրությունը, որ Ռուսաստանը մտադիր է գազի մատակարարման համար վճարումն ընդունել միայն ռուբլով։ Թե դա կոնկրետ ինչ հետեւանքներ կունենա գազի առեւտրի վրա, մենք դեռեւս չենք կարող կանխատեսել»,- ասել է Քելերը ։

Գերմանիայի փոխկանցլեր, Էկոնոմիկայի եւ կլիմայի նախարարության ղեկավար Ռոբերտ Հաբեկն էլ լրագրողներին ասել է, որ գազի համար հաշվարկներում ռուբլու անցումը կլինի Ռուսաստանի հետ գործող պայմանագրերի խախտում։ Նա ընդգծել է, որ այդ կերպ Ռուսաստանը ցույց է տալիս, որ էներգակիրների վստահելի մատակարար չէ։ Նախարարը մտադիր է ԵՄ գործընկերների հետ քննարկել ստեղծված իրավիճակը եւ դրան արձագանքելու ուղիները։

Գերմանիան կարող է ռուսաստանյան գազի մատակարարումների համար վճարել ռուբլով, սակայն դրա համար երկիրը ստիպված կլինի խախտել Ռուսաստանի Կենտրոնական բանկի դեմ սահմանված պատժամիջոցները, RBC-ին ասել է Բունդեսթագի կլիմայի եւ էներգետիկայի հանձնաժողովի ղեկավար Կլաուս Էռնստը։ «Այո, դա կարող էր լինել, սակայն Գերմանիան ստիպված կլիներ ռուբլի ստանալ ՌԴ Կենտրոնական բանկից՝ շրջանցելով իր իսկ պատժամիջոցները։ Ռուբլով վճարելու պարտավորությունը, հավանաբար, նույնպես գազամատակարարման պայմանագրերի խախտում կլիներ»,- ասել է Էռնստը։

***

Եվրոպան ռուսաստանյան գազի համար ռուբլով չի վճարի, նախօրեին Բրյուսելում ԵՄ առաջնորդների գագաթնաժողովին հայտարարել է Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշան։ «Չեմ կարծում, որ Եվրոպայում որեւէ մեկը գիտի, թե ինչ տեսք ունեն ռուբլիները, ոչ ոք չի վճարի ռուբլով»,- ասել է նա:

***

Իսկ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին կարծում է, որ գազի մատակարարման համար ռուբլով վճարելու Ռուսաստանի պահանջները պայմանագրերի խախտում են։

«Եվրոպան ցանկանում է անկախ լինել ռուսաստանյան գազից։ Գազի շուկան վատ է գործում, սպեկուլյատիվ գներ են նկատվում, միջոցներ են պետք»,- ասել է Դրագին։ Նա նշել է, որ «օգնությունը պետք է գա Կանադայից, ԱՄՆ-ից եւ հեղուկ գազի խոշոր արտադրողներից»:
Դիտում՝ 9807
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW