Օտարերկրյա բանկերի ծրագրերը Ռուսաստանում գործունեության վերաբերյալ

20.03.2022 | 15:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Goldman Sachs #JP Morgan Chase #Deutsche Bank
ՌԴ ֆինանսական հատվածի դեմ պատժամիջոցների ֆոնին Ռուսաստանում դուստր բանկեր ունեցող արեւմտյան որոշ բանկային խմբեր դիտարկում են այս կամ այն ձեւաչափով ՌԴ-ում բիզնեսը կրճատելու հնարավորությունը։

Ավելի կոշտ հայտարարություններ են անում այն բանկերը, որոնք երկրում ունեն միայն կորպորատիվ բիզնես եւ գտնվում են թոփ 50-ից դուրս, ավելի զգուշավոր հայտարարություններ են անում մանրածախ հաճախորդներ ունեցող խոշոր բանկերը:

RBC-ն ուսումնասիրել է՝ «արտասահմանցիներից» ով է հայտարարել հեռանալու մասին կամ մտածել այդ ուղղությամբ:

Goldman Sachs-ը դարձավ առաջին գլոբալ բանկը, որը Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո հայտարարեց Ռուսաստանում բիզնեսը փակելու մասին: Հեռանալու անհրաժեշտությունը բացատրվեց «նորմատիվ եւ արտոնագրային պահանջներով»: Ամերիկյան խմբի 100%-անոց «դուստրը»՝ «Голдман Сакс Банк»-ն՝ ըստ Banki.ru-ի վարկանիշային աղյուսակի, փետրվարի 1-ի դրությամբ զբաղեցրել է 130-րդ տեղը ակտիվների չափով (22,5 մլրդ ռուբլի): Բանկը չի աշխատում ֆիզիկական անձանց հետ, այն մասնագիտացած է ներդրումային բանկինգում, այսինքն՝ գործարքների ուղեկցման եւ ֆինանսավորման, արտարժույթի փոխանակման ու արժեթղթերի հետ գործառույթների ուղղությամբ:

Այլ ներդրումային բանկեր, ինչպիսիք են ամերիկյան JP Morgan Chase-ը, գերմանական Deutsche Bank-ը եւ Commerzbank-ը, նույնպես հայտարարեցին Ռուսաստանում իրենց բիզնեսը դադարեցնելու ծրագրերի մասին: Դրանց ռուսաստանյան «դուստրերը»՝ «Дж. П. Морган Банк Интернешнл»-ը (98-րդ տեղ, ակտիվները՝ 44,2 մլրդ ռուբլի), «Дойче Банк»-ը (58-րդ տեղ, ակտիվները՝ 119,4 մլրդ ռուբլի) եւ «Коммерцбанк (Евразия)»-ն նույնպես չեն սպասարկում ֆիզիկական անձ հաճախորդներին։ Դրանք մասնագիտացած են կա՛մ ներդրումային բանկային ոլորտում, կա՛մ կորպորատիվ հաճախորդների` հիմնականում օտարերկրացիների հետ աշխատելու բնագավառում։

Այն բանկերը, որոնք Ռուսաստանում ունեն դուստր կառույցներ՝ ուղղված մանրածախ ոլորտին, ավելի զգույշ են իրենց հայտարարություններում։

Ամերիկյան Citigroup-ը հայտարարել է, որ ընդլայնելու է ռուսաստանյան շուկայից «դուրս գալու մասշտաբը»։ 2021 թվականի ապրիլից խումբը փորձում էր կրճատել իր մանրածախ բիզնեսը երկրում՝ «Ситибанк»-ի դուստր կառույցի պորտֆելի մի մասի վաճառքի միջոցով, սակայն մինչ այժմ դա չի հաջողվել։ Բացի մանրածախ բիզնեսից, Citigroup-ը Ռուսաստանում կփակի նաեւ այլ բիզնես ուղղությունները։

Իտալական UniCredit-ը դիտարկում է Ռուսաստանում գործունեությունը դադարեցնելու տարբերակը, թեեւ վերջնական որոշում չի կայացվել, մարտի 15-ին ասել է խմբի գլխավոր գործադիր տնօրեն Անդրեա Օրչելը:

Ավստրիական Raiffeisen Bank International-ը (RBI), որը վերահսկում է «Райффайзенбанк»-ը, մարտի 17-ին հնարավոր էր համարել ՌԴ-ից «հանգամանորեն մտածված դուրս գալու» տարբերակը։



Ֆրանսիական Societe Generale-ը (SocGen) պատրաստ է պահպանել բիզնեսը Ռուսաստանում, մարտի 17-ին հայտարարել է խմբի ղեկավար Ֆրեդրիկ Ուդեան։ Նա հավելել է, որ դուստր «Росбанк»-ը կառավարվում է ինքնուրույն հիմունքներով եւ, ընդհանուր առմամբ, ձգտում է նվազեցնել իր ռիսկերը։

Հունգարական OTP Bank-ը, որին Ռուսաստանում պատկանում է համանուն բանկը, դադարեցրել է իր «դուստրի» ֆինանսավորումը, մարտի 18-ին հայտնել է Bloomberg-ը։ Ավելի վաղ խմբի գործադիր տնօրեն Շանդոր Չանին ասել էր, որ երկարաժամկետ հեռանկարում նախատեսվում է պահպանել բիզնեսը Ռուսաստանում եւ Ուկրաինայում։ «Ակնհայտ է, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ մենք դիտարկում ենք Ռուսաստանից հեռանալու հնարավորությունը, սակայն չենք ցանկանում վնասներ պատճառել մեր ներդրողներին»,- պարզաբանել էր թոփ մենեջերը։

ՌԴ Կենտրոնական բանկի տվյալներով՝ մարտի 18-ի դրությամբ, Ռուսաստանում գործում էր արտասահմանյան կապիտալով 52 բանկ։ Դրանցից համակարգային նշանակություն ունեն «Райффайзенбанк»-ը, «Росбанк»-ը եւ «ЮниКредит»-ը: Ակտիվներով թոփ 50-ում են նաեւ ամերիկյան Citigroup-ի «Ситибанк»-ը, չեխական արմատներով Home Credit Group-ի «Хоум Кредит Банк»-ը եւ հունգարական OTP Group-ի «ОТП Банк»-ը: Այս վեց բանկերի ընդհանուր ակտիվները փետրվարի 1-ի դրությամբ գերազանցել են 5,6 տրլն ռուբլին, իսկ ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ծավալը կազմել է 1,4 տրլն ռուբլի։ Հաշվետու ամսաթվի դրությամբ բնակչությունը 1,67 տրլն ռուբլի է պահել այդ բանկերի հաշիվներին եւ ավանդներին:
Դիտում՝ 5242
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW