Ավստրիական Raiffeisen Bank International-ը (RBI)՝ ռուսաստանյան Raiffeisenbank-ի մայր ընկերությունը, գնահատում է տարբեր «ռազմավարական տարբերակներ ապագայի համար», ներառյալ` Ռուսաստանից «հանգամանորեն մտածված դուրս գալու» տարբերակը: Այս մասին ասված է Խմբի հաղորդագրության մեջ, որը ներկայացրել է RBC-ն:«Պատերազմն Ուկրաինայում կործանարար ազդեցություն ունի երկրի բնակչության եւ տնտեսության վրա։ Այս աննախադեպ իրավիճակը ստիպում է RBI-ին մտածել Ռուսաստանում իր դրության մասին: Հետեւաբար, մենք գնահատում ենք Ռուսաստանում Raiffeisenbank-ի ապագայի բոլոր ռազմավարական տարբերակները, ներառյալ՝ Ռուսաստանից հանգամանորեն մտածված դուրս գալու տարբերակը»,- ասել է RBI-ի գլխավոր տնօրեն Յոհան Շտրոբլը:Նրա խոսքով՝ Խումբն ու իր դուստր ձեռնարկությունները շարունակում են աշխատել՝ հաշվի առնելով գործող պատժամիջոցները, շուկայի պահանջներն ու սեփական կոդեքսը։ «RBI-ի դուստր բանկերն ինքնաֆինանսավորվում են, լավ կապիտալիզացված են եւ ունեն աննշան անդրսահմանային ռիսկեր Ռուսաստանում»,- ասված է հաղորդագրության մեջ:RBI-ի մասնակցության վերանայումն այժմ դիտարկվում է «միայն որպես բացառապես ծայրահեղ միջոց», կոնկրետ որոշումներ չեն ընդունվել, RBC-ին հայտնել են Raiffeisenbank-ի մամուլի ծառայությունում։ «Raiffeisenbank-ը կշարունակի աշխատել ռուսաստանյան շուկայում՝ անկախ իր կապիտալում RBI Խմբի մասնակցության ձեւաչափից»,- հավաստիացրել են ֆինանսական կազմակերպության մամուլի ծառայությունում՝ հավելելով, որ այժմ բանկը մատուցում է բոլոր ծառայություններն ամբողջությամբ եւ պատրաստ է ապահովել դրանց հասանելիությունը նաեւ հետագայում:RBI-ը Ռուսաստանում աշխատում է 1990-ականների սկզբից։ Խմբի տարեկան հաշվետվության համաձայն՝ Ռուսաստանում նրա ակտիվները գնահատվում են €18,7 միլիարդ՝ ընդհանուր €192,1 միլիարդից, ինչն իր ընդհանուր բիզնեսի 9,7%-ն է: Այս ցուցանիշով Ռուսաստանը Չեխիայից (€26,2 մլրդ) եւ Հունգարիայից (€10,4 մլրդ) հետո երրորդ տեղում է։ 2021 թվականին Խմբի ռուսաստանյան հատվածն աճել է 18,4%-ով։ Խմբի ռուսաստանյան բիզնեսում աշխատում է 9,3 հազար աշխատակից։ Tweet Դիտում՝ 5395