ՌԴ բանկերը կտրուկ ավելացրել են ՏՏ եւ վաճառքի գծով մասնագետների պահանջարկը

18.03.2022 | 15:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#HeadHunter #մասնագետներ #պահանջարկ
Վերջին շաբաթներին ռուսաստանյան բանկերը կտրուկ ավելացրել են կադրերի պահանջարկը։ Ըստ HeadHunter-ի տվյալների՝ պորտալում բանկային թափուր աշխատատեղերի ընդհանուր թիվը փետրվարի 24-ից մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում աճել է մինչեւ 25 հազար, ինչը 13%-ով գերազանցում է փետրվարի սկզբի թափուր աշխատատեղերի ցուցանիշը։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 2,4 անգամ։ Մասնավորապես, վաճառքներով զբաղվող աշխատակիցների մասով բացվել է ավելի քան 14,1 հազար թափուր աշխատատեղ, ինչը գրեթե յոթ անգամ գերազանցում է մեկ տարի առաջվա ցուցանիշները։ ՏՏ հատվածում բացվել է 5,1 հազար թափուր աշխատատեղ՝ մեկ տարի առաջվա մոտ 2,3 հազարի դիմաց, գրում է «Կոմերսանտ»-ը։

Բանկային պրոդուկտների եւ ծառայությունների վաճառքների ու ՏՏ մասնագետների թափուր աշխատատեղերի աճը «կարող է արձագանք լինել ֆինանսական հատվածում տիրող իրավիճակին, որտեղ առաջին պլան է մղվել հենց բանկային պրոդուկտների, հիմնականում կարճաժամկետ ավանդների վաճառքը», կարծում է hh.ru-ի աշխատաշուկայի գլխավոր փորձագետ Նատալյա Դանինան։

ՏՏ ոլորտի մասնագետների հեռանալը երկրից, ըստ նրա, «հազիվ թե կարող է էական ազդեցություն ունենալ պահանջարկի աճի վրա, քանի որ խոսքը գնում է ոչ թե աշխատանքի, այլ լոկացիայի փոփոխության մասին, ինչին ֆինանսական հատվածն առաջիններից էր հարմարվել դեռ երկու տարի առաջ»: Սակայն «օտարերկրյա խաղացողների հնարավոր հեռանալու սպասումներով, ռուսաստանյան բանկերի շրջանում շուկայի մասնաբաժնի եւ հաճախորդների համար մրցակցությունը հասել է նոր մակարդակի, ինչը պահանջեց ավելի մեծ ուշադրություն դարձնել վաճառքների ուղղությանը», կարծում է փորձագետը:



«Բանկերն անցնում են բիզնեսի մասշտաբային վերակառուցման միջով, որը պահանջում է մեծ թվով մասնագետներ տարբեր ոլորտներում, ներառյալ՝ ՏՏ-ում, ռիսկերում,  compliance ստորաբաժանումներում, իրավաբանական ոլորտում եւ հաճախորդների սպասարկման ասպարեզում»,- ասել է MySearch աշխատանքի տեղավորման գործակալության գլխավոր տնօրեն Մարիա Յանկովսկայան: Ընթացիկ փուլում վարկային կազմակերպություններում աշխատակիցների զանգվածային կրճատումները քիչ հավանական են, կարծում է նա, բայց նրանց գործառույթները կարող են տարբերվել նախորդներից:

Միաժամանակ, փետրվարի 24-ից հետո բոլոր բնագավառներում գործատուների ակտիվությունը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 8%-ով, ասել է Superjob.ru պորտալի նախագահ Ալեքսեյ Զախարովը։ Նրա խոսքով՝ բանկային հատվածում անկում չի արձանագրվել, եւ նախկինի պես մեծ թվով թափուր աշխատատեղեր են մնում։

«Գործատուներն այժմ իրենց ավելի հանգիստ են պահում, քան «կովիդյան» փուլում, երբ նրանց ակտիվությունն անմիջապես ընկավ 70%-ով։ Այն ժամանակ շատ սխալներ թույլ տրվեցին, մարդկանց ազատում էին աշխատանքից, կրճատում աշխատավարձերը, բայց երբ ամեն ինչ արագ վերականգնվեց, դժվարացավ թափուր աշխատատեղերի համալրումը։ Հիմա բոլոր խոշոր ու միջին գործատուները մոտավորապես նույն դիրքորոշումն ունեն․ չենք հասկանում՝ վաղն ինչ է լինելու, բայց այսօր ամեն ինչ անելու ենք, որ պահպանենք անձնակազմը»,- ասել է նա։

Հատկանշական է, որ թափուր աշխատատեղերի աճի ֆոնին ուժեղ կրճատվել է դիմորդների ռեզյումեների թիվը։ Ըստ HeadHunter-ի՝ մարտի կեսերի դրությամբ այն կազմել է 46,7 հազար՝ 2021 թվականի միջինում մոտ 100 հազարի դիմաց։ Նատալյա Դանինայի կարծիքով՝ սա մի կողմից կարող է արտացոլել ֆինանսական հատվածի գրավչության անկումը, քանի որ այն առաջիններից է, որը ենթարկվել է պատժամիջոցների ճնշմանը, իսկ մյուս կողմից՝ սա նշան է, որ ոլորտում, ընդհանուր առմամբ, ձգտում են հնարավորինս պահպանել կադրերը եւ կրճատումներ չեն անում։ Բացի այդ, ինչպես նշել է Զախարովը, այժմ որոշ դիմորդներ նույնիսկ հրաժարվում են արդեն առաջարկված նոր աշխատատեղից՝ մնալով իրենց ընթացիկ աշխատանքին։
Դիտում՝ 6702
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW