ՎՏԲ-ն կշարունակի մասնակցել ներդրումային ծրագրերին ԼՂ-ում

08.09.2008 | 15:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՎՏԲ-Հայաստան Բանկի ընդհանուր ակտիվները 2008 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով կազմել են 113.15 մլրդ դրամ##, եւ այդ ցուցանիշով բանկն զբաղեցնում է առաջին տեղը Հայաստանի բանկային համակարգում:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն- տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը տեղեկացրել է, որ բանկի կանոնադրական կապիտալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 13.906 մլրդ դրամ (2-րդ տեղը Հայաստանի բանկային համակարգում), իսկ 2008 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ սեփական կապիտալը կազմել է 22.79 մլրդ դրամ:

“Բանկը Հայաստանի խոշորագույն բանկերի եռյակի կազմում է նաեւ ըստ ընդհանուր պարտականությունների (91.7 մլրդ դրամ) եւ հաճախորդներից ներգրավված միջոցների (38.5 մլրդ դրամ) ցուցանիշներով”,- ասել է Վալերի Օվսյաննիկովը:

Խոսելով բանկի վերջին խոշոր ներդրումային ծրագրերի մասին, նա տեղեկացրել է, որ “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ՓԲԸ-ի հետ օգոստոսի 25-ին ստորագրվել է վարկային պայմանագիր` մինչեւ 3 տարի ժամկետով $30 մլն չափով վարկի տրամադրման մասին: Դա ավելի վաղ կնքված համաձայնագրի շրջանակներում հատկացվող առաջին մասնաբաժինն է, իսկ “Հայաստանի էլեկտրական ցանցերին” տրամադրվող վարկի ամբողջ ծավալը կկազմի $70 մլն:

Սեպտեմբերի վերջին ՎՏԲ-Հայաստան Բանկը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից /ՎԶԵԲ/ կստանա վարկի առաջին մասը ($10 մլն), որը կուղղվի Հայաստանում փոքր բիզնեսի վարկավորմանը: Վարկի ընդհանուր ծավակը կկազմի $30 մլն:

Մեկնաբանելով Ստեփանակերտում բանկի մասնաճյուղի փակումը, Վալերի Օվսյաննիկովն ասել է, որ այն թելադրված էր տնտեսական նպատակահարմարությամբ եւ տեղի է ունեցել ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղային ցանցի օպտիմալացման շրջանակներում, ինչի արդյունքում 2008թ.-ի վերջին - 2009թ.-ի սկզբին բանկի մասնաճյուղերի ընդհանուրթիվը ներկայիս 80-ից կկրճատվի մինչեւ 75-ը: 2008 թվականի սկզբում ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերի թիվը հասնում էր 89-ի:

Օպտիմալացման շրջանակներում բանկի դիտորդ խորհուրդը որոշում է կայացրել մինչեւ տարեվերջ փակել մասնաճյուղերը Նոր Հաճնում, Եղվարդում, Մեծամորում, Աշոցքում եւ Ստեփանակերտում: “Այդուհանդերձ, մենք կշարունակենք մասնակցել ներդրումային ծրագրերին Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաեւ Ստեփանակերտում սպասարկել մեր հաճախորդներին` հայաստանյան գործընկեր-բանկերի մասնաճյուղերի միջոցով”,- ասել է Վալերի Օվսյաննիկովը:

Դիտում՝ 5626
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW