Երեւան /Մեդիամաքս/. UNICEF-ի եւ “Էյչ-Էյ-Բի-Սի Բանկ Հայաստանի” համատեղ## բարեգործական “Օգնենք երեխաներին ապրել իրենց ընտանիքներում” ծրագիրը, որի նպատակն է Հայաստանի անապահով ընտանիքներին աջակցելը եւ երեխաներին մանկատներից ապահովագրելը, մեկնարկել է այսօր Երեւանում: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր “Էյչ-Էյ-Բի-Սի Բանկ Հայաստանի” գլխավոր տնօրեն Թիմ Սլեյթերի հետ համատեղ ասուլիսում Հայաստանում UNICEF-ի ներկայացուցիչ Շելդոն Յեթը ասել է, որ հայաստանյան մանկատներում ապրող 1300 երեխաների շուրջ 80 տոկոսն առնվազն մեկ ծնող ունի եւ մանկատանն է հայտնվել ծանր սոցիալական պայմանների հետեւանքով: “Մեր նպատակը սոցիալապես խոցելի ընտանիքներին աջակցելն է, որպեսզի ծնողները կարողանան իրենց երեխաներին խնամել ընտանիքում, քանի որ ծնողական հոգատարությունից զրկված երեխաները ենթարկվում են բռնության, թրաֆիքինգի եւ շահագործման ավելի մեծ ռիսկի”,- ասել է Շելդոն Յեթը:Նա տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակներում UNICEF-ը եւ “Էյչ-Էյ-Բի-Սի Բանկ Հայաստանը” ստեղծել են դրամահանգանակության հատուկ հիմնադրամ, որի միջոցները եռամյա աշխատանքի արդյունքում կբաշխվեն երեխաների պաշտպանության ոլորտում աշխատող տեղական հասարակական եւ պետական կազմակերպությունների միջեւ` անապահով ընտանիքների հիմնական կարիքների բավարարման նպատակով:Թիմ Սլեյթերը նշել է, որ “Էյչ-Էյ-Բի-Սի Բանկ Հայաստանը”, բարեգործական ակցիային մասնակցելով, իրականացնում է կորպորատիվ պատասխանատվության քաղաքականություն` հաշվի առնելով հայկական ավանդույթներն ու մշակույթը:Հիմնադրամի մեկնարկային բյուջեն կազմում է $10 000: Tweet Դիտում՝ 6490