ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախօրեին Փարիզում մասնակցել են Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ նշվող դիվանագիտական հարաբերություն¬ների հաստատման 30-ամյակին նվիրված «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համաժողովի ամփոփիչ պլենար նիստին:«Ունենալով ֆրանսիական կապիտալով Հայաստանում ներկայացվածության հաջողված օրինակներ՝ «Ամունդի-Ակբա», «Վեոլիա», «Պեռնո Ռիկար», «Քարֆուր», ինչպես նաեւ Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից իրականացված մի շարք ծրագրեր, նախորդ տարվա դեկտեմբերին ստորագրված Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության հնգամյա ճանապարհային քարտեզն ընձեռում է լայն հնարավորություններ եւ հանդիսանում է կարեւոր հիմք` ուղղված ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, առողջապահության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում հավակնոտ գործակցության խթանմանը»,- իր ելույթում ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ համաժողովի ընթացքում տեղի ունեցած քննարկումները, հայ ու ֆրանսիացի գործընկերների միջեւ շփումներն իսկապես արդյունավետ կլինեն՝ սկիզբ դնելով բեղուն աշխատանքային համագործակցությանը եւ նոր ու հեռանկարային ծրագրերի իրականացմանը։ «Հայաստանի կառավարության անունից կարող եմ հավաստիացնել, որ մենք ջանք ու եռանդ չենք խնայի համատեղ ծրագրերի արդյունավետ իրագործման համար»,- ընդգծել է նա։ Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն Համաժողովին նախորդել էր Նիկոլ Փաշինյանի եւ Էմանուել Մակրոնի հանդիպումը Ելիսեյան պալատում։ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է ֆրանսիական բիզնեսի՝ հայաստանյան շուկայում ներկայացվածության ընդլայնմամբ: Կարեւորվել է տնտեսության այնպիսի ճյուղերում փոխգործակցությունը, ինչպիսիք են՝ ենթակառուցվածքները, զբոսաշրջությունը, ջրամբարաշինությունը, գյուղատնտեսությունը եւ այլն:Էմանուել Մակրոնն իր հերթին ընդգծել է բարեկամ Հայաստանի հետ տնտեսական եւ հումանիտար ոլորտներում կապերը խորացնելու Ֆրանսիայի պատրաստակամությունն ու հետաքրքրվածությունը: Tweet Դիտում՝ 1856