ՊԵԿ. Ապրանքների ծածկագրերի տոտալից անցում է կատարվել թիրախային հսկողության

02.03.2022 | 16:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #ԵԱՏՄ #ապրանքների ծածկագրեր
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) պարզեցրել է մաքսային ընթացակարգերի գործընթացը: Մարտի 1-ից որոշ ապրանքների ծածկագրերի տոտալ հսկողությունից անցում է կատարվել առավել հասցեական՝ թիրախային հսկողության:

Կոմիտեից հաղորդում են, որ ընթացակարգերի պարզեցման արդյունքում էապես կհեշտացվի ապրանքների հայտարարագրման ամբողջական գործընթացը, կկրճատվի դրա տեւողությունը։

Փոփոխությունը կատարվել է հաշվի առնելով արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) ապրանքների դասակարգման կարեւորությունը։

Նախկինում գործող ընթացակարգի համաձայն՝ այսպես կոչված փակ կոդերի կիրառման համար տնտեսվարողը նախ պետք է դիմեր ՊԵԿ մաքսային հսկողության վարչություն, որտեղից էլ ձեռք բերեր անհրաժեշտ ապրանքի ծածկագիրը: Նոր փոփոխությամբ՝ տնտեսվարողն ամբողջ գործընթացը կարող է իրականացնել առանց մաքսային մարմին դիմելու՝ հայտարարագրումն իրականացնելով օրենքով նախատեսված կարգով:
 
«Գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու համար Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է տնտեսվարողներին դրսեւորել բացառապես օրինապահ վարքագիծ: Մաքսային ձեւակերպումներն առաջին մեթոդով (գործարքի գնի մեթոդ) կիրառելու համար ունենալ անհրաժեշտ փաստաթղթեր, հայտարարագրել իրական արժեքով եւ խուսափել տարատեսակ անհարմարություններից»,- նշված է ՊԵԿ հաղորդագրության մեջ:

Մաքսային ընթացակարգերի պարզեցման գործընթացը պայմանավորված է որոշ ապրանքների դասակարգման խնդրահարույց լինելուց եւ բարդությունից (օրինակ՝ տեխնիկա, սարքավորումներ, տեխնոլոգիական ապրանքներ եւ այլն): Նոր փոփոխությամբ ՊԵԿ աշխատակիցների կողմից մշտադիտարկման տարատեսակ գործիքակազմով իրականացվելու է ապրանքների ծածկագրերի հասցեական հսկողություն։ Դրան զուգահեռ, նշված պայմաններում էապես մեծանալու է հայտարարատուների պատասխանատվությունը՝ ապրանքների ծածկագրերի եւ մաքսային արժեքների վերաբերյալ հայտարարագրվող տեղեկությունների ճշգրտության մասով։
 
Դիտում՝ 2736
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW