Հովհաննես Խաչատրյանը՝ ՎՏԲ-Հայաստանի, պատժամիջոցների եւ SWIFT-ի արժեքի մասին

01.03.2022 | 09:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հովհաննես Խաչատրյան #ՎՏԲ # SWIFT
Ռուսաստանյան ընկերությունների նկատմամբ կիրառված պատժամիջոցներն, անկախ հայաստանյան ընկերություններում դրանց մասնակցություն կամ «դուստր» ընկերություններ ունենալու հանգամանքից, ուղղակիորեն, անմիջապես կամ ավտոմատ կերպով պարտադիր չէ, որ տարածվեն հայաստանյան ընկերությունների վրա։

Այս մասին Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։

«Այս պահին Հայաստանում մենք ունենք մեկ բանկ, որը պատժամիջոցների ցուցակներում է՝ ՎՏԲ-ն։ Բայց, ի՞նչ է նշանակում պատժամիջոց ՎՏԲ-Ռուսաստանի, ՎՏԲ-Վրաստանի, ՎՏԲ-Հայաստանի համար ներքին՝ տվյալ տնտեսության մեջ։ Հայաստանի դեպքում ՎՏԲ- Հայաստանի գործառնությունների ներքին որեւէ գործարք չի կարող պատժամիջոցներով սահմանափակված լինել եւ չի սահմանափակվում։ Այս առումով խոսքը միայն ՎՏԲ-ի անդրսահմանային, օտարերկրյա գործառնությունների մասին է, եւ այն էլ՝ ոչ ամբողջությամբ, որոշ դեպքերում դրանք աշխատելու են նախկինի պես։

Ամերիկյան ընկերությունների միջեւ գործարքներ տեղի չեն ունենալու, արտարժույթով՝ ԱՄՆ դոլարով ՎՏԲ Բանկի միջազգային փոխանցումները կարող են տեղի ունենալ որոշակի դժվարություններով, որոշակի այլ օրինական ճանապարհներով, որոնք չեն հակասում պատժամիջոցներին։ Այսինքն, սա չի նշանակում, որ բանկը հաջորդ օրվանից չի կարողանալու աշխատել, իր գործառնությունների 90-95%-ը ստանդարտ ներքին շուկայում սպասարկման գործառույթներ են, որոնք շարունակվելու են, ինչպես միշտ»,- ընդգծել է Հովհաննես Խաչատրյանը։   

Անդրադառնալով SWIFT համակարգի շուրջ ստեղծված իրավիճակին, նա նշել է, որ SWIFT-ի հիմնական արժեքը կայանում է նրանում, որ այն ստեղծել է փոխանցումների կոնկրետ, ստանդարտ համակարգեր, որոնք աշխարհի գրեթե բոլոր ֆինանսական կազմակերպությունների կողմից հասկանալի եւ ընդունելի են, շատ մտածված են կյանքի տարբեր դեպքերի համար․ փոխանցումները տարբեր են լինում՝ բանկերի միջեւ, հաճախորդների փոխանցումներ, նույնիսկ երաշխիքային նամակներ։

Հովհաննես Խաչատրյանի խոսքով՝ բազմաթիվ ֆինանսական ծառայություններին վերաբերող հաղորդագրությունների համար ստեղծվել են ֆորմատներ։ Միաժամանակ, նմանատիպ համակարգեր ստեղծվել են այլ կազմակերպությունների, կենտրոնական բանկերի, ինչպես նաեւ մասնավոր ընկերությունների կողմից։

«Ներկայումս Չինաստանի եւ Ռուսաստանի Կենտրոնական բանկերն արդեն իրական կյանքում գործող նմանատիպ համակարգեր ունեն, որոնք այդքան տարածում չունեն, գուցե, դեռեւս այդքան էլ հարմարեցված չեն։ Դրանք սկսել են ձեւավորվել ներքին օգտագործման համար, որից հետո արդեն տարածում են ստանում իրենց երկրներից դուրս, այլ ֆինանսական կազմակերպությունների մոտ։ Չինաստանի համակարգին արդեն բազմաթիվ ոչ չինական ընկերություններ եւ բանկեր են միացված, իսկ ռուսաստանյան համակարգին՝ ոչ այդքան մեծ թվով, սակայն այդ գործընթացը շարունակական բնույթ է կրում»,- նշել է նա։

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի հարցազրույցն ամբողջությամբ հասանելի է այս հղումով։
Դիտում՝ 10103
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW