Հայաստանի ազգային ագրարային համալսարանում նախօրեին բացվել է Գարեջրագործության եւ թորման ուսումնափորձարարական լաբորատորիա:Համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը նշել է, որ լաբորատորիան հիմնվել է Ագրարային համալսարանի երկարամյա գործընկեր ‹‹Երեւանի գարեջուր›› ընկերության եւ ‹‹ԱԳԲԱ ֆեդերացիա››-ի աջակցությամբ: Ծրագրի շրջանակում կատարվել է լաբորատորիայի եւ կից տարածքի վերանորոգում եւ կահավորում, ձեռք են բերվել գարեջրի թորման հոսքագիծ, անհրաժեշտ սարքավորումներ ու գործիքներ։ «Ուսումնական լաբորատորիայի բացումը սոցիալական գործընկերության եւ կորպորատիվ պատասխանատվության օրինակելի մոտեցում է, երբ մասնավոր ընկերությունները իրենց նպաստն են բերում ուսումնական միջավայրի ստեղծմանը: Լաբորատորիայի առկայությունը մրցունակ կրթության լավ նախադրյալ է, միաժամանակ` ուսանողակենտրոն կրթության արդյունավետ մոդել»,- նշել է բուհի ռեկտորը` ավելացնելով, որ նորաբաց լաբորատորիան, բացի ուսումնական եւ փորձարարական նշանակությունից, կօգտագործվի նաեւ գիտահետազոտական նպատակներով: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն էլ ընդգծել է, որ ագրարային կրթությունը, որի առաջամարտիկը Հայաստանի ազգային ագրարային համալսարանն է, մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունի:«Իմ ցանկությունն է, որ մեր երիտասարդները հավատով եւ վստահությամբ նախապատվություն տան ագրարային կրթությանը եւ ընտրելով այդ ուղղության մասնագիտությունները՝ լրջորեն զբաղվեն ագրարային ոլորտի զարգացմամբ»,- նշել է նախարարը` ավելացնելով, որ հնարավոր չէ պատկերացնել արդյունավետ ագրարային կրթություն` առանց արտադրության ընթացքը տեսնելու:Նախարարը ռեկտորի ուղեկցությամբ ծանոթացել է նաեւ Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության ուսում¬նական լաբորատորիային:ՀՀ ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ՝ վերջին երեք տարիներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում բացվել են նորարարական ուսումնափորձարարական, հետազոտական նշանակության ավելի քան 35 ենթակառուցվածքներ: Դրանց թվում են ֆարմբոտ ռոբոտային համակարգով օժտված «խելացի» ջերմատունը, Օրգանական գյուղատնտեսության, Սննդամթերքի որակի հսկման, Ընդհանուր քիմիայի լաբորատորիաները, Գնահատման եւ թեստավորման կենտրոնը, Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնը, Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման հետազոտական կենտրոնը, Կաթնամթերքի վարպետաց դպրոցը, Ագրոդրոնների լաբորատորիան, Գինու ուսումնագիտական կենտրոնը, որն արտադրում է «Սերունդ» գինին, ինչպես նաեւ Շիրակի, Սիսիանի եւ Վանաձորի մասնաճյուղերում կաթի վերամշակման արտադրամասերը, ջերմատունը, հողի անալիզի լաբորատորիան եւ այլն:Առաջիկայում նախատեսվում է շահագործման հանձնել Կենսատեխնոլոգիաների ինկուբատորը եւ Բնապահպանական կենսաքիմիայի լաբորատորիան: Tweet Դիտում՝ 1376