Գրանթ Թորնթոն Հայաստանի եւ «Դու Հայաստանին» (YFA) ՀԿ-ի համատեղ ջանքերով Էրեբունի վարչական շրջանի թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում նախօրեին բացվել է Ինովացիոն եւ ՏՏ կենտրոն:Բացմանը ներկա էին Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Բալայանը, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Նունե Միրոյանը, Գրանթ Թորնթոն Հայաստանի ղեկավար անձնակազմը եւ «Դու Հայաստանին» ՀԿ-ի խորհրդի անդամները:Նորաբաց Ինովացիոն եւ ՏՏ կենտրոնը, որը համալրվել է համակարգիչներով, խելացի գրատախտակով (Smart board) եւ անհրաժեշտ կահույքով, այսուհետ հնարավորություն կընձեռնի երեխաներին ծանոթանալ նորարար գաղափարների հետ, ստանալ տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքներ, ինչպես նաեւ ձեռք բերել դրանց կիրառման անհրաժեշտ հմտություններ:«Գրանթ Թորնթոն Հայաստանը 2022 թվականը հայտարարել է նորարարական տեխնոլոգիական կարողությունների զարգացման տարի: Նորարարությունը, ճկունությունը եւ դինամիկ զարգացումը ներկայում յուրաքանչյուր ոլորտի հիմնաքարերն են: Մենք ապրում ենք այնպիսի մի դարաշրջանում, որտեղ ՏՏ-ն աշխարհի ամենաարագ զարգացող ոլորտներից է, իսկ ապագայի եւ զարգացման մասին խոսելիս չենք կարող չընդունել, որ երեխաների ներգրավվածությունը հենց ՏՏ ոլորտում անչափ կարեւոր է, եւ տեխնոլոգիական կրթությունը ճկուն մտածելակերպ ձեւավորելու լավագույն միջոցներից է»,- նշել է Գրանթ Թորնթոն Քնսալթինգի տնօրեն Գուրգեն Հակոբյանը: Գուրգեն Հակոբյանը Լուսանկարը՝ Գրանթ Թորնթոն Հայաստան «Դու Հայաստանին» ՀԿ-ի գործադիր տնօրեն Անդրանիկ Մարտիրոսյանի խոսքով՝ կազմակերպությունը հավատարիմ է Հայաստանի զարգացումն ու մրցունակությունը խթանող եւ դրանց նպաստող գործողությունների: «Այսօր անհնար է պատկերացնել կրթությունն առանց ՏՏ ու նորարարական լուծումների եւ ուրախ ենք, որ կարող ենք ավելի լայն հնարավորություններ ընձեռել Կենտրոն հաճախող սաներին: Մեր մասնագետները պետք է մրցունակ լինեն աշխարհում, եւ կարեւոր է, որ մեր երեխաները հենց վաղ տարիքից ծանոթանան ժամանակակից տեխնոլոգիաների հետ եւ հասկանան նորարարական կրթության դերը»,- ասել է «Դու Հայաստանին» ՀԿ-ի գործադիր տնօրենը: Լուսանկարը՝ Գրանթ Թորնթոն Հայաստան Էրեբունի վարչական շրջանի թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրեն Ռուբեն Խնկոյանը մեծ ոգեւորությամբ ասել է. «Սա բացառիկ հնարավորություն է մեր սաների համար. այժմ նրանք կարող են հաճախել տեխնիկապես հագեցած կենտրոն եւ ստանալ, խորացնել ու զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրենց գիտելիքները: Շնորհակալ եմ Գրանթ Թորնթոն Հայաստանին եւ «Դու Հայաստանին» ՀԿ-ին այս նախաձեռնության համար։ Վստահ եմ, որ մեր համագործակցությունը կլինի շարունակական եւ արդյունավետ, ինչպես նաեւ նոր նախաձեռնությունների հիմք կհանդիսանա»:Էրեբունի վարչական շրջանի թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հիմնադրվել է 1972 թվականին, ունի 30 խմբակ: Կենտրոն է հաճախում 1200 երեխա։Գրանթ Թորնթոն Հայաստան Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի անդամ հանդիսացող Գրանթ Թորնթոն Հայաստանը աուդիտորական, գործարար, ռիսկի ու կիբեռանվտանգության, իրավական ու հարկային ոլորտներում խորհրդատվական, ինչպես նաեւ հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող առաջատար ընկերությունն է շուկայում: «Դու Հայաստանին» ՀԿ«Դու Հայաստանին» բարեգործական հասարակական կազմակերպությունը (YFA) հիմնադրվել է 2021 թվականին՝ 20-ամյա պատմություն ու ժառանգություն ունեցող «Երիտասարդական նվաճումներ» ՀԿ-ի հենքի վրա։ Վերստեղծված լինելով մի խումբ հայերի նախաձեռնությամբ, ում իրապես հուզում է Հայաստանի ապագան եւ ովքեր հստակ գիտակցում են Հայաստանի առջեւ ծառացած ներկայիս մարտահրավերների ամբողջ բարդությունը՝ YFA-ն իր շուրջ է միավորում ներկայիս ճգնաժամից Հայաստանը դուրս բերելու եւ Հայաստանին սատարելու հանձնառություն ստանձնած անձանց։ Tweet Դիտում՝ 1215