Բելառուսը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Մոլդովան եւ Հայաստանը ռուս-ուկրաինական հակամարտության հետ կապված ամենախոցելիներն են Moody’s-ի կողմից վարկանշվող ԱՊՀ երկրների շարքում, հաղորդում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը՝ վկայակոչելով վարկանիշային գործակալության վերլուծաբանների ուսումնասիրությունը։Moody’s-ի փորձագետները գտնում են, որ ԱՊՀ երկրների համար հակամարտության հետ կապված ռիսկերը կլինեն համեմատաբար փոքր, եթե Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցները ՌԴ տնտեսության լուրջ դանդաղեցում չառաջացնեն։ Moody’s-ն ընդգծում է, որ նման սցենարը չի դիտարկում որպես հիմնական։ Եթե պատժամիջոցները սահմանվեն, դա կազդի ԱՊՀ երկրների վրա տարբեր ուղիներով՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ նրանց տնտեսական, ֆինանսական եւ էներգետիկ կապերը, ինչպես նաեւ թույլ իրացվելիությունն ու արտաքին դիրքերը, ասված է հետազոտության մեջ։Moody’s-ի վարկանիշներն արդեն իսկ հաշվի են առնում այդ ռիսկերը, ուստի դրանց վրա կարող են ազդել միայն կոշտ պատժամիջոցները, որոնք կհանգեցնեն ռուսաստանյան տնտեսության զգալի դանդաղեցման կամ էներգակիրների մատակարարումների լուրջ խափանումների, ինչը քիչ հավանական է նույնիսկ լարվածության աճի դեպքում, նշում է գործակալությունը:Բելառուսն, ըստ Moody’s-ի, ունի B3 վարկանիշ՝ բացասական կանխատեսմամբ։ Ղրղզստանին, Տաջիկստանին, Մոլդովային գործակալությունը շնորհել է B3 վարկանիշ՝ կայուն կանխատեսմամբ, Հայաստանին՝ Ba3՝ կայուն կանխատեսմամբ։ Ռուսաստանը Moody’s-ի կողմից ունի ներդրումային որակի սուվերեն Baa3 վարկանիշ՝ կայուն կանխատեսմամբ:Ռուսաստանի դեմ պատժամիջոցները բացասաբար կանդրադառնան ԱՊՀ այն երկրների վրա, որոնք առավելապես կախված են Ռուսաստանից դրամական փոխանցումների հարցում, մասնավորապես՝ Ղրղզստանի եւ Տաջիկստանի վրա, կարծում է Moody’s-ը։ Ռուսաստանի տնտեսության հնարավոր դանդաղեցումը կհարվածի Ղրղզստանի եւ Տաջիկստանի վարկունակության` աշխատանքային միգրանտների դրամական փոխանցումների կրճատման պատճառով։ Համաշխարհային բանկի տվյալներով՝ դրանք կազմում են այս երկրների ՀՆԱ-ի համապատասխանաբար 33% եւ 30%-ը, գրում են վերլուծաբանները: Լարվածության հնարավոր աճը, որը կհանգեցնի ռուբլու զգալի թուլացմանը, կարող է բացասական հետեւանքներ ունենալ ԱՊՀ երկրների արժույթների վրա եւ մեծացնել իրացվելիության ռիսկերը, հատկապես այնպիսի երկրների համար, ինչպիսիք են Բելառուսը, Տաջիկստանը եւ Վրաստանը՝ արտարժույթով արտահայտված պարտքի մեծ մասնաբաժնով, արտաքին վերաֆինանսավորման մեծ կարիքներով եւ թույլ պահուստներով, ասված է զեկույցում։Ռուսաստանում կտրուկ տնտեսական անկումը, որը Moody’s-ը չի դիտարկում որպես հիմնական սցենար, նաեւ զգալի տնտեսական հետեւանքներ կունենա Բելառուսի համար, քանի որ Ռուսաստանն այս երկրի ամենամեծ առեւտրային գործընկերն է. նրան բաժին է ընկնում ընդհանուր արտահանման 46%-ը, նշում են վերլուծաբանները։ Tweet Դիտում՝ 2838