Վրաստանում մեկ ստանդարտ իմերեթական խաչապուրի պատրաստելու միջին արժեքը կազմել է 5,77 լարի, ինչը պատմական առավելագույնն է։2021 թվականի հունվարի համեմատ խաչապուրու պատրաստման համար ծախսերն աճել են 23,7%-ով, իսկ 2021 թվականի դեկտեմբերի համեմատ՝ 1,8%-ով, հաղորդում է NewsGeorgia-ն։Խաչապուրու ամենամսյա ազգային ինդեքսը հրապարակում է Թբիլիսիի պետական համալսարանին կից Տնտեսագիտության միջազգային դպրոցը (International School of Economics at Tbilisi State University, ISET)։ISET-ում ռեկորդային թանկացումը բացատրում են խաչապուրու բոլոր բաղադրիչների թանկացմամբ։ Տարվա ընթացքում կարագը թանկացել է 23%-ով, պանիրը՝ 16%-ով, խմորիչը՝ 15%-ով, կաթը՝ 10%-ով։ Ինչպես նշում են հետազոտության հեղինակները, գների աճն առաջին հերթին պայմանավորված է համաշխարհային շուկաներում տիրող իրավիճակով։«Պարենի միջազգային գների դինամիկան արտացոլված է ներքին շուկաներում։ Եթե այս միտումները շարունակվեն, ապա առաջիկա ամիսներին հնարավոր են ավելի բարձր գներ»,- նշել են ISET-ում։ Միաժամանակ, տնտեսագետները հիշեցրել են, որ Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ պարենային խմբում գները մեկ տարվա ընթացքում աճել են 16,2%-ով։***Իսկ Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նորանշանակ նախարար Լեւան Դավիթաշվիլին ակնկալում է, որ գնաճն աստիճանաբար կնվազի։«Հետհամավարակային շրջանը ենթադրում է, որ գնաճն իսկապես պետք է հավասարակշռվի, եւ, հետեւաբար, մենք այլեւս չենք ունենա գնաճի նման բարձր մակարդակ»,- ասել է Դավիթաշվիլին Վրաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ Լեւան Դավիթաշվիլին Լուսանկարը՝ factcheck.ge Երկրի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ տարեկան գնաճը (2022-ի հունվարը 2021-ի հունվարի նկատմամբ) Վրաստանում կազմել է 13,9%, նպատակային՝ 3%-ի դիմաց: Ազգային բանկի կանխատեսումների համաձայն՝ Վրաստանում գնաճի մակարդակը կսկսի նվազել 2022 թվականի գարնանը։Նախարարը նկատել է, որ գնաճի ավելացումը պայմանավորված է աշխարհում պարենային ապրանքների գների աճով։ «Օրինակ, հարեւան Թուրքիայում գնաճը կազմել է մոտ 80%»,- ասել է Դավիթաշվիլին։Նա Վրաստանի Ազգային բանկի դրամավարկային քաղաքականությունն անվանել է «պատասխանատու եւ ճիշտ»: «Այն, ինչ անում է մեր Ազգային բանկը, դասական մոտեցում է։ Մեկ այլ մոտեցում, որը նույնպես կարող էր միանգամայն արդարացված լինել, գործնականում գրեթե ոչ մի տեղ չի գործել՝ էլ ավելի արագացնելով գնաճը։ Մենք նույնպես իրատես ենք եւ պետք է հասկանանք իրավիճակը՝ ինչպիսի արտադրական հզորություններ, ինչ տեսակի տնտեսություն ունենք եւ այլն»,- պարզաբանել է Դավիթաշվիլին։Նախարարի խոսքով՝ ապագայում ակնկալվում է, որ Ազգային բանկը կնվազեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ «Այսինքն՝ փողը նույնպես պետք է էժանանա, եւ այս դեպքում դա կդառնա տնտեսության զարգացման խթաններից մեկը»,- նշել է գերատեսչության ղեկավարը։«Փետրվարի 2-ին Վրաստանի Ազգային բանկի դրամավարկային քաղաքականության կոմիտեն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց 10,5% մակարդակում: Կարգավորիչը 2020 թվականի ապրիլից թուլացնում էր դրամավարկային քաղաքականությունը երկար ժամանակ խստացնելուց հետո՝ փոխարժեքի արժեզրկման հետեւանքով առաջացած գնաճային ճնշումները փոխհատուցելու նպատակով։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2019 թվականի սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում աճել էր 6,5%-ից մինչեւ 9%, ապա 2020 թվականի օգոստոսին նվազել մինչեւ 8%, իսկ 2021-ի մարտին կրկին սկսեց աճել»,- գրում է պարբերականը։Լեւան Դավիթաշվիլին էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար է նշանակվել այս տարվա փետրվարի 9-ին։ Մինչ այդ նա եղել է շրջակա միջավայրի եւ գյուղատնտեսության նախարար։ Միաժամանակ, Դավիթաշվիլին կշարունակի զբաղեցնել Վրաստանի փոխվարչապետի պաշտոնը։ Tweet Դիտում՝ 3626