Սեւան համայնքում €48 մլն-ի ներդրումային ծրագրով ջերմոցային համալիր կկառուցվի

17.02.2022 | 16:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Սեւան #ջերմոցային համալիր
ՀՀ Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքում արդյունաբերական ջերմոցային համալիր կկառուցվի:

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել համալիրի կառուցման «Գրին սոլուշնս» ՍՊԸ-ի ներդրումային ծրագրին, որի արժեքը կազմում է €48 մլն համարժեք դրամ: Ծրագրով ստեղծվելու են 400-450 նոր աշխատատեղեր։  

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ այս գործարքից, ընդհանուր առմամբ, համայնքային բյուջե 22 մլն դրամ մուտք կարվի:

«Ծրագիրն իրականացվելու է 115 հա տարածքի վրա. նախատեսվում է կառուցել 45 հա ընդհանուր տարածքով ջերմոցային խոշոր համալիր եւ 2,7 հա մակերեսով  արդյունաբերական տնկարան: Մյուս տարածքները կծառայեն ենթակառուցվածքների համար: Շինարարության աշխատանքների համար նախատեսված է 60 ամիս ժամկետ: Վերջնական արդյունքում տարեկան կարտադրվի մոտ 12 հազար տոննա բանջարեղեն, որի 80 տոկոսը նախատեսվում է արտահանել»,-ասել է նախարարը:

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է բոլոր նման ներդրումային ծրագրերի համար արհեստական խոչընդոտներ չստեղծելու կարեւորությունը.

«Ես ուզում եմ հետեւյալ հանձնարարականը տալ. երբ դե յուրե որոշումները կայացված են, ապա հետագայում պետք է հոգ տանել, որ բուն ծրագրի իրականացման ճանապարհին, հաջորդ օղակներում արհեստական խոչընդոտներ չստեղծվեն, եւ ծրագիրը բնականոն ընթացքով առաջ գնա:

Իհարկե, երբեմն մենք տեսնում ենք նաեւ օբյեկտիվ համակարգային խնդիրներ, որոնց լուծմամբ պետք է զբաղվենք: Բայց, ընդհանուր առմամբ, մեր ուղերձը կառավարման բոլոր օղակներին պետք է լինի այն, որ ներդրումային ծրագրերի բնականոն ընթացքը որեւէ կերպ չխոչընդոտվի: Սա կարեւոր է նաեւ կառավարության համար, որովհետեւ մենք շատ հավակնոտ տնտեսական աճի ցուցանիշներ ենք մեր առջեւ դրել, իսկ այդ տնտեսական աճի հիմնական մասը մասնավոր հատվածն է ապահովում:

Հետևաբար` պետք է ամեն ինչ անել, որ պետական եւ մասնավոր ներդրումային ծրագրերն  արհեստական խոչընդոտների չհանդիպեն: Սա նույնքան կարեւոր աշխատանք է, որքան դե յուրե որոշումներ կայացնելը: Այդ ազդակները պետք է ստանալ, արագ արձագանքել դրանց՝ բյուրոկրատական, արհեստական քաշքշուկներից,  հնարավոր կոռուպցիոն խոչընդոտներից մարդկանց ազատելու համար»:
Դիտում՝ 1987
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW