Փետրվարի 16-ին հեռավար ձեւաչափով տեղի է ունեցել Հայ-ուկրաինական գործարար խորհրդի ստեղծման հիմնադիր ժողովը, որին մասնակցել են երկու երկրների գործարար շրջանակները համախմբող տարբեր կառույցների ղեկավարներ։ Հայ-ուկրաինական գործարար խորհրդի հիմնադրման hամաձայնագիրը ստորագրել են Հայաստանի կողմից 7 (ՀԱԳՄ, Բանկերի միություն, Առեւտրաարդյունաբերական պալատ, Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների միություն, Շինարարների միություն, Թեթեւ արդյունաբերության զարգացման ասոցիացիա, Հայաստանում ամերիկյան առեւտրի պալատ), Ուկրաինայից՝ 6 (Արդյունաբերողների եւ գործարարների միություն, Բանկերի ասոցիացիա, Գործարու կազմակերպությունների միավորում, Ինտերնետ ասոցիացիա, Շինարարական պալատ, Թեթեւ արդյունաբերության ձեռնարկությունների ասոցիացիա) կառույցների ղեկավարներ։Ըստ համաձայնագրի՝ Խորհրդի նպատակներն են նպաստել Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ տնտեսական զարգացմանն ու համագործակցությանը՝ խրախուսելով երկխոսությունը երկու երկրների ձեռնարկությունների միջեւ, խթանել մասնավոր եւ ձեռնարկատիրական նախաձեռնությունները, որոնք, ի թիվս այլ հարցերի, ուղղված կլինեն երկկողմ կամ բազմակողմ նախագծերում համատեղ մասնակցությանը։ Նպատակներից է նաեւ Ուկրաինայի եւ Հայաստանի կառավարական կառույցների համար առաջարկությունների մշակումը, որոնք միտված կլինեն ուկրաինա-հայկական գործարար հարաբերությունների ամրապնդման համար անհրաժեշտ ռազմավարությանն ու գործնական միջոցառումներին, ինչպես նաեւ փոխշահավետ համագործակցության նոր ոլորտների որոնումներին։Խորհրդին անդամակցությունը բաց է եւ կամավոր Ուկրաինայի ու Հայաստանի գործարար միությունների, միավորումների ու արդյունաբերական ասոցիացիաների, մասնավոր հատվածի ներկայացուցիչների, ինչպես նաեւ Ուկրաինայի եւ Հայաստանի ցանկացած այլ կորպորատիվ ու ֆինանսական կազմակերպությունների համար:Գործարար խորհրդի համատեղ նիստերը կանցկացվեն պարբերաբար՝ առնվազն տարին երկու անգամ՝ հաջորդաբար Ուկրաինայում եւ Հայաստանում կամ առցանց։ Tweet Դիտում՝ 2556