ՌԴ եւ ԵՄ տնտեսությունների «փոխադարձ երաշխավորված ոչնչացման» ավստրիական սցենարը

15.02.2022 | 11:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ #ՌԴ #պատժամիջոցներ
Վիեննայի միջազգային տնտեսական հետազոտությունների ինստիտուտի մի խումբ գիտնականներ գնահատել են Ուկրաինա ռուսաստանյան ներխուժման հնարավոր սցենարները եւ դրա պոտենցիալ հետեւանքները։

RBC-ի փոխանցմամբ՝ իրենց նյութերում վերլուծաբանները նաեւ ենթադրել են՝ որքանով հավանական կլինի այն տարբերակը, որի դեպքում Ռուսաստանի եւ ԵՄ-ի տնտեսությունները կենթարկվեն «փոխադարձ երաշխավորված ոչնչացման»։

Գիտնականները դիտարկել են երկու սցենար՝ հիմնական եւ անբարենպաստ: Առաջինի դեպքում, նրանց կարծիքով, հնարավոր են կիբեռհարձակումներ, իսկ «ներխուժումը» կարող է սահմանափակվել Ուկրաինայի հարավ-արեւելյան շրջաններով։ Այս դեպքում Արեւմուտքը կարող է համեմատաբար մեղմ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, ներառյալ՝ բանկային հատվածի, երկրորդային շուկայում պետական պարտքի նկատմամբ սահմանափակումները։ Այս դեպքում Արեւմուտքը նաեւ ավելի մեծ օգնություն կտրամադրի Ուկրաինային, կարծում են զեկույցի հեղինակները։

Անբարենպաստ սցենարը ենթադրում է լայնածավալ ներխուժում, որի պատասխանը կարող են լինել կոշտ «միջուկային» պատժամիջոցները։

Ամենախիստ միջոցն այս սցենարի դեպքում կարող է լինել ռուսաստանյան էներգակիրների ներմուծման արգելափակումը, ներառյալ՝ «Հյուսիսային հոսք-2» գազատարի շահագործման արգելքը։ «Դա լուրջ վնաս կհասցնի Ռուսաստանի տնտեսությանը, բայց նաեւ կհանգեցնի արագ գնաճի եւ ռեցեսիայի համաշխարհային տնտեսությունում, հատկապես՝ ԵՄ-ում։ Սա փոխադարձ երաշխավորված ոչնչացման տնտեսական վարկածն է եւ, հետեւաբար, քիչ հավանական»,- գրում են գիտնականները։

Մեկ այլ միջոց, նրանց կարծիքով, կարող է լինել դոլարի հոսքի կրճատումը դեպի ռուսաստանյան բանկեր։ Սա կարող է ցնցում առաջացնել ֆինանսական հատվածում, նվազեցնել վարկավորումն ու ներդրումները, ինչպես նաեւ կպահանջի իշխանություններից կապիտալի մեծածավալ ներարկումներ բանկային հատված։



Դիտարկվում է նաեւ պատժամիջոցների երրորդ՝ «կիսակոշտ» տարբերակը, որը ենթադրում է արդյունաբերության համար բարձր տեխնոլոգիական բաղադրիչների արտահանման արգելք դեպի Ռուսաստան։ Վերլուծաբանները խոստովանում են, որ այս միջոցը կարող է էական ազդեցություն ունենալ միայն որոշ ոլորտների վրա, որոնցում արեւմտյան բաղադրիչները դեռեւս չեն կարող փոխարինվել ուրիշներով, օրինակ՝ չինականով։
Դիտում՝ 5992
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW