Գերագույն ռադայի բյուջետային հանձնաժողովը միաձայն համաձայնություն է տվել Ուկրաինայի կառավարությանը 16,6 մլրդ գրիվնա (մոտ $600 մլն) հատկացնել ինքնաթիռների լիզինգի ապահովագրության համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակի գրառումը Telegram ալիքում։Նրա խոսքով՝ կառավարության ներկայացուցիչները բյուջետային հանձնաժողովի նիստում հայտնել են, որ բանակցություններ են ընթանում SkyUP-ի, «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ի եւ Bees Airlines-ի հետ։ «Ասվել է, որ հենց այս ընկերություններն են իրենց լիզինգատուներից ստացել զգուշացում, որ փետրվարի 14-ը վերջին օրն է, երբ իրենց ինքնաթիռները կարող են մնալ Ուկրաինայում։ Այսօրվա որոշումը պետք է օգնի»,- նշել է պատգամավորը։Գերագույն ռադայում կառավարության մշտական ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը մանրամասնել է, որ բյուջեի պահուստային ֆոնդի միջոցները կարող են օգտագործվել, մասնավորապես, «ավիափոխադրումների շուկայում բացասական երեւույթները կանխելու համար՝ կապված Ուկրաինայի դեմ զինված ագրեսիայի, հարձակման վտանգի եւ երկրի տարածքում ռազմական գործողությունների ժամանակ ապահովագրական ծածկույթ չտրամադրելու հետ»:Նախօրեին ուկրաինական SkyUp ավիաընկերությունը հայտնել էր, որ իր ինքնաթիռը Կիեւի փոխարեն ստիպված վայրէջք է կատարել Քիշնեւում, քանի որ ինքնաթիռի սեփականատեր հանդիսացող իռլանդական ընկերությունը հայտարարել է Ուկրաինայի ավիացիոն տարածք մուտք գործելու արգելքի մասին։ Բացի այդ, հոլանդական KLM ավիաընկերությունը շաբաթ օրվանից չեղարկել է թռիչքները դեպի Ուկրաինա, ինչպես նաեւ դադարեցրել է բոլոր թռիչքներն երկրի օդային տարածքում։Ինչ են անում ուրիշ երկրներըՈւկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով Turkish Airlines-ը փետրվարի 13-ից 28-ը թույլատրել է իր ուղեւորներին վերադարձնել կամ փոխանակել տոմսերը դեպի Ուկրաինա։ RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ավիաընկերության կայքում։Չեխիայի ԱԳՆ-ն նույնպես հայտարարել է Ուկրաինայի հետ թռիչքների հնարավոր դադարեցման մասին։ ԱԳՆ կայքում քաղաքացիներին խորհուրդ է տրվում խուսափել երկիր մեկնելուց եւ հնարավորինս շուտ լքել Ուկրաինան։ «Չեխիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում երկրի այն քաղաքացիներին, ովքեր ծրագրում են օդային ճանապարհով լքել Ուկրաինան, անել դա անհապաղ՝ ավիաընկերությունների ծառայությունների հնարավոր սահմանափակման կամ դադարեցման պատճառով»,- նշված է հայտարարության մեջ։ Tweet Դիտում՝ 4571