Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) ղեկավար Քրիստին Լագարդը հաստատել է մոտ ապագայում եվրո թղթադրամների դիզայնը փոխելու՝ ֆինանսական կարգավորիչի մտադրությունը։ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է Redaktionsnetzwerk Deutschland (RND) խմբագրական միավորմանը տված հարցազրույցում: «Նախ, եվրոն հանրաճանաչ արժույթ է, եւ ոչ միայն այնտեղ, որտեղ այն արդեն ներդրվել է: Մարդիկ վստահում են այս արժույթին: Դրա մասին են վկայում նաեւ անդամակցության նոր թեկնածուները. Խորվաթիան ցանկանում է անցնել միասնական արժույթի 2023 թվականին, Բուլղարիան՝ 2024-ին»,- ասել է Լագարդը՝ ընդգծելով, որ եվրոն լայնորեն կիրառվում է նաեւ միջազգայնորեն։ «Դոլարից հետո երկրորդ կարեւոր արժույթը ճապոնական իենը կամ չինական յուանը չէ, այլ եվրոն»,- ասել է ԵԿԲ ղեկավարը։Միաժամանակ, նա քննադատել է թղթադրամների դիզայնը, որոնք պատկերում են եվրոպական ճարտարապետությունը։ «Այն կառույցները, որոնք դուք տեսնում եք այնտեղ, իրականում ընդհանրապես գոյություն չունեն: Եվրոյի ներդրումից 20 տարի անց ժամանակն է հարցնել՝ արդյոք կա մի բան, որի հետ եվրոպացիները կարող են ավելի շատ իրենց նույնականացնել: Ինչ-որ մի բան, որը մենք բոլորս ընկալում ենք որպես տիպիկ եվրոպական, եւ ինչը մեզ կապում է միմյանց հետ»,- ասել է Լագարդը։Ինքը՝ Լագարդը, իր իսկ խոսքով, կցանկանար, որ թղթադրամների վրա լինեին հայտնի եվրոպացիների պատկերներ, ինչպիսիք են Լեոնարդո դա Վինչին, Լյուդվիգ վան Բեթհովենը կամ Ջեյմս Ջոյսը։ «Սակայն, անշուշտ, կան եվրոպական ինքնությունը ցույց տալու այլ եղանակներ, ինչպիսիք են հայտնի նկարի կամ ճարտարապետության պատկերները»,- շարունակել է Լագարդը:Նա նաեւ ընդգծել է, որ եվրո թղթադրամների դիզայնի փոփոխությունը լավ հնարավորություն է ցույց տալու եվրոպական միասնությունը։ «Սա հենց եվրոպական նախագիծ է. հաղթահարել ազգային սահմանները՝ միասին տնտեսապես ուժեղ լինելու եւ պատերազմները կանխելու համար: Սխալ կլիներ, եթե մենք հիմա նորից սկսեինք բաժանումն ըստ երկրների»,- ասել է Լագարդը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ եվրոյի թողարկման յուրաքանչյուր երկրում լինի թղթադրամների տարբեր դիզայն: Միաժամանակ, նա հավելել է, որ այս հարցը ԵԿԲ-ում դեռ չի քննարկվել։ 07.12.2021 | 09:36 Եվրո թղթադրամների վրա կարող են հայտնվել հայտնի մարդկանց դեմքերը Banks.am-ը հիշեցնում է, որ անցած տարվա դեկտեմբերին Ֆրանսիական Les Echos թերթը գրել էր, որ ԵԿԲ-ն դիտարկում է եվրոպական արժույթի դիզայնի փոփոխություն։ Ըստ պարբերականի՝ հայտնի մարդկանց դեմքեր կամ հուշարձաններ պատկերող առաջին եվրո թղթադրամները կարող են հայտնվել Եվրամիությունում մոտակա տարիներին: Tweet Դիտում՝ 3840