WebMoney միջազգային համակարգն ափսոսում է ՌԴ ԿԲ-ի «անբարյացակամ քայլի» համար

11.02.2022 | 15:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#WebMoney #ՌԴ ԿԲ #դրամապանակ
WebMoney միջազգային վճարային համակարգը հայտարարել է ռուբլով դրամապանակների միջոցով (WMP եւ WMR) բոլոր գործարքների դադարեցման մասին։ Դրամապանակներում առկա միջոցները սառեցվում են եւ հետագայում կվերադարձվեն դրանց տերերին:

Ըստ WebMoney-ի՝ ռուբլով դրամապանակների հետ աշխատանքի դադարեցումը կապված է «Կոնսերվատիվ առեւտրային բանկին» լիցենզիայից զրկելու հետ. վերջինս հանդես է գալիս որպես  համակարգի հաշվարկային բանկ, հաղորդում է RBC-ն։

«Ափսոսում ենք, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկի նման անբարյացակամ քայլն անհասանելի դարձրեց ռուբլով դրամապանակների միջոցով աշխատանքը WebMoney-ի միլիոնավոր օգտատերերի համար: Համակարգը կներդնի բոլոր հասանելի իրավական եւ ֆինանսական ջանքերն՝ արգելափակված գործիքների արժեքն անհապաղ փոխհատուցելու համար»,- ասված է WebMoney-ի հաղորդակցության մեջ:

Կենտրոնական բանկը «Կոնսերվատիվ առեւտրային բանկին» լիցենզիայից զրկելը բացատրել է նրանով, որ բանկը թույլ է տվել օրենքների խախտումներ անօրինական ճանապարհով ստացված փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում։

«Վարկային հաստատության գործունեությանը բնորոշ էին բարձր ռիսկեր՝ կապված «ստվերային» խաղային բիզնեսին, ֆինանսական շուկայի անօրինական մասնակիցներին սպասարկելու հետ»,- ասված է Ռուսաստանի Բանկի հայտարարության մեջ:



WebMoney-ում ԿԲ-ի դժգոհություններն անվանել են «հորինված» եւ «Կոնսերվատիվ առեւտրային բանկի» իրական գործունեության հետ կապ չունեցող:  

«Ռուսաստանում մեր երաշխավորը գործել է Ռուսաստանի օրենսդրությանը եւ կարգավորիչի պահանջներին խիստ համապատասխան: Ակնհայտ է, որ բանկին լիցենզիայից զրկելու պատճառը կապ չունի ՌԴ Կենտրոնական բանկի մամուլի հաղորդագրության մեջ տրված պարզաբանումների հետ։ Բանկը երբեք կապ չի ունեցել «ստվերային» խաղային բիզնեսին, ֆինանսական շուկայի անօրինական մասնակիցներին սպասարկելու հետ»,- ասված է վճարային համակարգի հաղորդագրության մեջ։

WebMoney-ի մամուլի ծառայությունից RBC-ին հայտնել են, որ ափսոսում են Կենտրոնական բանկի որոշման համար։ «Սակայն մեզ համար պարզ է ազդանշանը. ԿԲ-ն շահագրգռված չէ Ռուսաստանում ֆինտեխ շուկայի զարգացմամբ եւ անում է հնարավոր ամեն ինչ՝ անկախ մասնակիցներին դուրս մղելու՝ մեկ կամ ձեւականորեն եւս մի քանի վարկային հաստատությունների օգտին»,- ավելացրել են ընկերությունում։
Դիտում՝ 5240
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW