Եվրոպական EstateGuru-ն Հայաստանում նոր գրասենյակ ունի

10.02.2022 | 16:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#EstateGuru
Փետրվարի 9-ին էստոնական EstateGuru ընկերությունը տեխնոլոգիական կենտրոն է բացել Երեւանում։ Մասնաճյուղի բացմանը ներկա են եղել EstateGuru-ի համահիմնադիր եւ նախագահ Մարեկ Պարտելը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, EstateGuru-ի տեխնիկական ղեկավար Արարատ Յուզբաշյանը։

Ի՞նչ է EstateGuru-ն

2013-ին ստեղծված EstateGuru-ն հայտնի է որպես կարճաժամկետ վարկեր տրամադրող առաջատար ընկերություն Եվրոպայում։ Այս ընկերության շնորհիվ ԵՄ-ում գործունեություն ծավալող ձեռնարկատերերը կարող են ստանալ ֆինանսավորում՝ Եվրոպայի տարածքում ունեցած անշարժ գույքի գրավադրմամբ։ Ֆինանսավորումը՝ կարճաժամկետ վարկի տեսքով, նրանց տրամադրում են ընկերությունում գրանցված ներդրողները։


EstateGuru-ի նպատակը՝ Եվրոպական միության անշարժ գույքի ֆինանսավորման շուկան ավելի արդյունավետ եւ թափանցիկ դարձնելն է, վարկառուներին եւ ներդրողներին՝ 24/7 ծառայություններ առաջարկելն է ամբողջ աշխարհում։

Ինչպե՞ս է աշխատում

Ընկերությունն այս պահին առաջարկում է ներդրումներ ութ երկրներում՝ տրամադրելով ավելի քան 500 մլն եվրո արժողությամբ վարկեր։ 115 000 ներդրողներ ստացել են 38 մլն եվրո տոկոսավճարների վերադարձ:

Արարատ Յուզբաշյանը, Վահան Քերոբյանը եւ Մարեկ Պարտելը

EstateGuru-ի ամբողջ պրոցեսների 90%-ը ավտոմատացված է եւ կատարվում է առցացն հարթակում։ Ֆինանսավորման գործընթացի արագությունն ու ճկունությունը պայմանավորված է վարկի տրամադրման տեխնոլոգիայով՝ ավտոմատացված գործընթացով։

Ի՞նչ է անում Հայաստանում

Ըստ EstateGuru-ի համահիմնադիր եւ նախագահ Մարեկ Պարտելի՝ Հայաստանում նկատել են արդյունաբերության ծաղկում, ինչն էլ հիմք ընդունելով, որոշել են, որ Հայաստանում ընկերությունը պետք է ծրագրային ապահովման տեխնոլոգիական կենտրոն ունենա։

Մարեկ Պարտելը

«8 տարի առաջ կայացավ մեր հանդիպումը Արարատ Յուզբաշյանի հետ, որը այսօր EstateGuru-ի տեխնիկական ղեկավարն է։ Մեր շփումներից պարզ դարձավ, որ արժե Հայաստանում փնտրել մեր ընկերությանն անհրաժեշտ տեխնիկական մասնագետներին։

Արարատ Յուզբաշյանը եւ Մարեկ Պարտելը

Այս պահին մեր թիմում արդեն 25 տաղանդավոր մասնագետ է աշխատում եւ մենք շարունակում ենք ընդլայնվել ու փնտրել նոր տաղանդների։  Մեզ համար չափազանց կարեւոր է բարձր որակ ունեցող պրոֆեսիոնալների թիմը եւ ՏՏ ոլորտի տաղանդների ներգրավումը ինչպես Հայաստանից, այնպես էլ հարեւան երկրներից: Մեզ համար նաեւ շատ կարեւոր եւ գնահատելի է, որ Հայաստանի ՏՏ ոլորտում գենդերային հավասարակշռություն կա, ինչն այնքան էլ բնորոշ չէ այս ոլորտի՝ միջազգային շուկայում»,- ասում է Մարեկ Պարտելը:

Արարատ Յուզբաշյանը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի գնահատմամբ էլ՝ հայկական ՏՏ ոլորտը պահանջարկ ունի միջազգային ներդրողների կողմից։ Ըստ նրա՝ ոլորտը մրցունակ է եւ այս տեխնոլոգիական կենտրոնի բացումն էլ դրա վառ ապացույցներից մեկն է։

Վահան Քերոբյանը

«Մենք կարեւորում ենք միջազգային ընկերությունների ներգրավումը: Հաստատվելով համաշխարհային տեխնոլոգիական տիրույթում՝ մեր նպատակն է տեսնել Հայաստանը որպես տեխնոլոգիական առաջընթացի տարածաշրջանային հանգույց։ Այս նպատակով մենք այստեղ ենք հրավիրում միջազգային գործընկերներին, որոնց դերն անգնահատելի է հայկական էկոհամակարգի համար»,- ասել է Վահան Քերոբյանը։

Լուսին Մկրտչյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 2803
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW