Moody's. Մեր հիմնական սցենարը չի ենթադրում ռուսաստանյան դեֆոլտ

09.02.2022 | 16:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Moody's #Ռուսաստան #պատժամիջոցներ
Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարաբերություններում լարվածությունը չի հանգեցնի ուղղակի ռազմական հակամարտության, քանի որ այս դեպքում Ռուսաստանը կկրի հսկայական ռազմական եւ տնտեսական ծախսեր, ասված է Moody's Investors Service միջազգային վարկանիշային գործակալության գնահատականում։

«Մեր հիմնական գնահատականն այն է, որ բարձր լարվածությունը կշարունակվի, բայց չի հանգեցնի ուղղակի ռազմական բախման»,- նշված է Moody's-ի «Հաճախակի տրվող հարցեր Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ լարվածության եւ հակամարտության մասին» զեկույցում, որը մեջբերում է RBC-ն:

«Ռուսաստանի ռազմական միջամտությունը վարկային բացասական զգալի իրադարձություն կլինի եւ, ամենայն հավանականությամբ, մեզ կստիպի Ռուսաստանի սուվերեն վարկանիշները տեղադրել վարկանիշների՝ դեպի իջեցում դիտարկվող ցուցակում»,- ավելացրել է Moody's-ը՝ նշելով, որ դա «մեր հիմնական սցենարը չէ»:

Ռուսաստանն այժմ Moody's-ի կողմից ներդրումային որակի Baa3 սուվերեն վարկանիշ ունի՝ կայուն կանխատեսմամբ, գործակալությունը բարձրացրել էր վարկանիշն այս մակարդակի 2019 թվականի փետրվարին։

Ուկրաինայի վրա ցանկացած հարձակում կհանգեցնի Ռուսաստանի դեմ արեւմտյան նոր պատժամիջոցների, վստահ են գործակալությունում։ Moody's-ը դիտարկում է Ռուսաստանի համար ԱՄՆ-ի երեք պատժամիջոցներից հնարավոր հետեւանքները. պատժամիջոցներ պետական պարտքային պարտավորությունների երկրորդային շուկայում, ռուսաստանյան բանկերի համար միջազգային վճարային համակարգերին հասանելիության սահմանափակումներ եւ ռուսաստանյան ֆինանսական հաստատությունների ընդգրկում SDN պատժամիջոցների ցանկում:



Վարկանիշային գործակալությունը կարծում է, որ տեսականորեն հավանականություն կա, որ նման պատժամիջոցները, որոնք կազդեն SWIFT-ի կամ ռուսաստանյան բանկերի դոլարային գործարքների վրա, կարող են, ի թիվս այլ բաների, դժվարացնել սուվերեն պարտքի դիմաց վճարումները։ Ռուսաստանյան ֆինանսական հաստատությունների՝ օտարերկրյա գործընկերների հետ գործարքներ իրականացնելու հնարավորությունների սահմանափակումը ենթադրում է «շատ հեռավոր սցենար, որտեղ տեխնիկական դժվարություններ կարող են առաջանալ անդրսահմանային վճարումներ կատարելու ժամանակ, ներառյալ՝ սուվերեն պարտքի վճարումները»:

«Մեր հիմնական սցենարը չի ենթադրում ռուսաստանյան դեֆոլտ»,- գրում է Moody's-ը։ Ռուսաստանի իշխանությունները պատրաստվել են ամենաբացասական սցենարներին. օրինակ՝ 2016 թվականից Ռուսաստանի պետական եվրապարտատոմսերը բացառում են ամերիկյան բանկերը հաշվարկային կառուցվածքից եւ պարունակում են այլընտրանքային արժույթներով ներդրողներին հնարավոր վճարումների պայման (եվրապարտատոմսերը արտահայտված են դոլարով): «Սակայն այս սցենարի դեպքում նման շրջանաձեւ ճանապարհների արդյունավետության վերաբերյալ որոշակի անորոշություն է պահպանվում»,- նշում է Moody's-ը:

Բացի այդ, գործակալությունը հիշեցնում է Ռուսաստան տեխնոլոգիական արտահանումն արգելափակելու ԱՄՆ նախաձեռնությունները։ «Նոր տնտեսական պատժամիջոցները, ներառյալ այն պատժամիջոցները, որոնք սահմանափակում են Ռուսաստանի հասանելիությունը տնտեսության արդիականացման համար անհրաժեշտ հիմնական ներմուծմանը, ճնշում կգործադրեն ներդրումային ակտիվության, ինչպես նաեւ ՀՆԱ-ի աճի առանց այն էլ ցածր ներուժի եւ բնակչության իրական տնօրինվող եկամուտների դանդաղ աճի վրա»,- գրում է գործակալությունը:
Դիտում՝ 2959
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW