Fitch-ն ու S&P-ն՝ ՌԴ բանկերի վրա հնարավոր պատժամիջոցների ազդեցության մասին

09.02.2022 | 08:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Fitch-ն #S&P #պատժամիջոցներ
Fitch-ի վերլուծաբանները կարծում են, որ Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցների սահմանումը կարող է բացասական հետեւանքներ ունենալ ինչպես սուվերեն, այնպես էլ ռուսաստանյան բանկերի վարկանիշների վրա, հաղորդում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը։

Սուվերեն վարկանիշների համար պատժամիջոցների ազդեցությունը կախված կլինի «մակրոտնտեսական եւ ֆինանսական կայունությունը խաթարելու» կամ պետական պարտքի սպասարկումը բարդացնելու դրանց կարողությունից, նշվում է զեկույցում։ Բանկերի վարկանիշների վրա կարող են բացասական հետեւանքներ ունենալ այն պատժամիջոցները, որոնք կազդեն արտարժույթով վճարումներ կատարելու հնարավորության վրա։

Բանկային հատվածի վրա ամենաշատը կազդեն այն պատժամիջոցները, որոնք խոշոր պետական բանկերին կզրկեն արտարժույթով՝ հատկապես դոլարով վճարումներ կատարելու, ինչպես նաեւ SWIFT միջազգային համակարգից օգտվելու հնարավորությունից, նշում են վերլուծաբանները: Միաժամանակ, նրանք ընդգծում են, որ հիմնական սցենարում չեն սպասում նման պատժամիջոցների կիրառում, մասամբ այն պատճառով, որ դրանք կդժվարացնեն վճարումները միջազգային վարկատուներին։ Վերլուծաբանները կարծում են, որ ավելի հավանական են պատժամիջոցները «համակարգային տեսանկյունից պակաս կարեւոր բանկերի նկատմամբ»։

Fitch-ի հիմնական սցենարը ենթադրում է, որ Ռուսաստանը չի գնա «լայնամասշտաբ ներխուժման» Ուկրաինա, եւ Մոսկվայի դեմ հնարավոր նոր պատժամիջոցներն այնքան խիստ չեն լինի, որ պահանջեն բացասական վարկանիշային գործողություններ, ասված է զեկույցում։



Իսկ S&P Global Ratings-ի զեկույցում նշվում է, որ Ուկրաինայում իրավիճակի հնարավոր սրման պատճառով ռուսաստանյան բանկերի դեմ պատժամիջոցների կիրառումը կարող է ազդել Ռուսաստանի արտաքին առեւտրի եւ անդրսահմանային վճարումներ կատարելու կարողության վրա, սակայն Ռուսաստանի Բանկն (ԿԲ) ունի բավականաչափ գործիքներ ոլորտին աջակցելու համար, իսկ բյուջեի ծախսերը դրա համար սահմանափակ կլինեն, հաղորդում է Prime գործակալությունը։

S&P-ն գտնում է, որ հնարավոր պատժամիջոցները կարող են սահմանափակել Ռուսաստանի հասանելիությունը համաշխարհային տնտեսությանը՝ արգելելով ռուսաստանյան բանկերին առեւտուր անել ԱՄՆ դոլարով եւ անջատելով SWIFT-ից։ Մեկ այլ պոտենցիալ կոշտ միջոց կարող է լինել այն արգելքը, որն ԱՄՆ-ն եւ, հնարավոր է, ԵՄ-ն կարող են սահմանել ներդրողների նկատմամբ՝ երկրորդային շուկայում ռուսաստանյան պետական պարտքային պարտավորությունները տնօրինելու համար:

Նշվում է, որ Ռուսաստանի իշխանությունները մշակել են SWIFT-ի ռուսաստանյան նմանատիպը, որը կարող է ապահովել երկրի ներսում վճարումների անհրաժեշտ մշակումը, եթե բանկերը կորցնեն հասանելիությունը միջազգային ֆինանսական ենթակառուցվածքին։ Այնուհանդերձ, փորձագետներն ընդգծում են, որ ռուսաստանյան բանկային համակարգն ավելի կայուն է, քան նախորդ տարիներին, եւ մեծապես հարմարվել է պատժամիջոցներին, քանի որ պետական խոշոր բանկերի մեծ մասը 2014 թվականից ի վեր ոլորտային պատժամիջոցների տակ է։

Միաժամանակ, Ռուսաստանի խոշոր ֆինանսական հաստատությունների դեմ պատժամիջոցները կարող են ազդել Ռուսաստանի արտաքին առեւտրի ցուցանիշների եւ անդրսահմանային վճարումներ կատարելու՝ ներառյալ պարտքի սպասարկման եւ մարման կարողության վրա: «Ժամանակի ընթացքում արտահանողները կգտնեն այլընտրանքային լուծումներ, օրինակ՝ նրանք կիրականացնե առեւտրային գործարքների հաշվարկներն այլ արժույթներով (ոչ ԱՄՆ դոլարով կամ եվրոյով), սակայն սկզբնական փուլում ազդեցությունը Ռուսաստանի արտահանման հասույթների ծավալի, բյուջեի եկամուտների եւ տնտեսության վրա կարող է էական լինել»,- ընդգծել են վերլուծաբանները։

Պատժամիջոցների կիրառումը կարող է նաեւ բացասաբար անդրադառնալ միջազգային բանկային խմբերի ռուսաստանյան դուստր ընկերությունների ֆինանսական արդյունքների վրա։ Այնուամենայնիվ, փորձագետները կարծում են, որ միջազգային ֆինանսական խմբերի համար Ռուսաստանի հետ կապված ռիսկերի ընդհանուր ազդեցությունը սահմանափակ է եւ, որպես հետեւանք, կառավարելի կլինի եվրոպական բանկերի համար:
Դիտում՝ 2764
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW