ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կզբաղեցնի Նորվեգիայի Կենտրոնական բանկի (ԿԲ) ղեկավարի պաշտոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։«Յենս Ստոլտենբերգն այսօր Պետխորհրդի նիստում նշանակվել է Նորվեգիայի Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում՝ վեց տարի ժամկետով։ Փոխնախագահ Իդա Վոլդեն Բահեն մարտի 1-ից ժամանակավորապես կզբաղեցնի Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնը՝ մինչեւ Ստոլտենբերգի ստանձնումը»,- ասված է Նորվեգիայի կառավարության հաղորդագրության մեջ։Անցած տարեվերջին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել էր, որ շատ մոտիվացված է աշխատել որպես Նորվեգիայի Կենտրոնական բանկի ղեկավար, սակայն, եթե ընտրությունն ընկնի նրա թեկնածության վրա, նա չի կարողանա դա անել մինչեւ ՆԱՏՕ-ում իր մանդատի ժամկետի ավարտը:Նորվեգական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի խորհրդարանի կուսակցությունների մեծ մասը չի պաշտպանել Ստոլտենբերգի թեկնածությունը ԿԲ ղեկավարի պաշտոնում։ Մասնավորապես, մի շարք քաղաքական գործիչներ մտահոգություն են հայտնել, թե որքանով նա անկախ կլինի այդ պաշտոնում` հաշվի առնելով նրա կապերն իշխող Աշխատավորական կուսակցության հետ, որի ղեկավարն էր նախկինում:Ընդհանուր առմամբ, Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնի համար 22 հավակնորդ կար, փոխնախագահ Իդա Վոլդեն Բահեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հիմնական մրցակիցն էր։Ստոլտենբերգը, ով նախկինում երկու անգամ զբաղեցրել է Նորվեգիայի վարչապետի պաշտոնը (2000-2001 եւ 2005-2013 թվականներին), Հյուսիսատլանտյան դաշինքը գլխավորում է 2014 թվականի հոկտեմբերի 1-ից։ Նրա մանդատն այս պաշտոնում երկու անգամ երկարաձգվել է, այժմ նա այդ պաշտոնը կզբաղեցնի մինչեւ 2022 թվականի սեպտեմբերի 30-ը: Tweet Դիտում՝ 6340