ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ 2021թ.-ին սննդամթերքի գները շուրջ 12%-ով աճել են:Նրա խոսքով՝ սննդամթերքի գնաճն ունի հիմնական երկու աղբյուր. «Մեկը՝ արտաքին շուկաներից եկող գնաճն է, որը համաշխարհային ֆենոմեն է, երկրորդը՝ մեզ մոտ սեզոնային որոշ ապրանքների թանկացումը, որոնց որոշակի վերադարձը բնականոն մակարդակին նպաստեց, որ գնաճը տարվա վերջին իջավ մեր կանխատեսած 8.4%-ի շրջակայքից ավելի ներքեւ»:ԿԲ նախագահը նշել է, որ իրենց բազային սցենարով ակնկալում են, որ սննդամթերքի մասով գնաճն այս տարվա ընթացքում չի կրկնի 2021թ.-ի վարքագիծը: Ինչ վերաբերում է ջրի եւ էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության հետեւանքով սննդամթերքի սպասվող գնաճին՝ ԿԲ գնահատականների համաձայն՝ այն տարեկան կտրվածքով կկազմի շուրջ 1-1.5%-ի շրջանակում:Անդրադառնալով թուրքական ապրանքների էմբարգոյի չեղարկմանը՝ Մարտին Գալստյանն ասել է. «Երբ Հայաստանում թուրքական ապրանքների էմբարգո էր դրվում, խոսք կար, որ այն որոշակի գնաճային ազդեցություն է իր հետ բերելու, մենք որոշեցինք ուսումնասիրություն անել։ Մեր գնահատականներով՝ այդ ազդեցությունն այնքան էլ մեծ չէր լինելու գնաճի վրա։ Էմբարգոյի չեղարկումը եւս մեծ ազդեցություն չի ունենալու գնանկման վրա»,- ասել է Մարտին Գալստյանը։ Tweet Դիտում՝ 1261