ՎԶԵԲ-ը հայտարարել է Հայաստանում 2021թ.-ին ռեկորդային ներդրումների մասին
31.01.2022 | 11:44 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ceobusinessafrica.com

ՎԶԵԲ-ն էլ ավելի է մեծացրել իր ներդրումները Հայաստանում՝ կենտրոնանալով կորոնավիրուսային համաճարակի հետեւանքներից վերականգնման կանաչ, ներառական եւ կայուն ուղիների վրա։
2021թ.-ին Հայաստանում ՎԶԵԲ-ի ընդհանուր ներդրումների մոտ 90%-ը բաժին է ընկել մասնավոր հատվածին: Այս ներդրումների գումարից €106 միլիոն տրամադրվել է ՎԶԵԲ-ի «Անցում դեպի կանաչ տնտեսություն» (GET) մոտեցման ներքո:
«2020թ.-ին Հայաստանում մոտ €160 միլիոն գումարի չափով ռեկորդային ներդրումներից հետո մենք մեծացրել ենք Հայաստանում մեր ներդրումների ծավալը 2021թ.-ին՝ տրամադրելով ավելի քան €170 միլիոն։ Մենք սերտորեն համագործակցում ենք Հայաստանում Եվրոպական միության (ԵՄ) հետ եւ շնորհակալություն ենք հայտնում ԵՄ-ի մեր գործընկերներին ռազմավարական կարեւորություն ունեցող այս գործընկերության համար»,- ասել է Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն:
ՎԶԵԲ-ը շարունակել է աջակցել փոքր եւ միջին ձեռնարկություններին` տրամադրելով վարկային գծեր Հայաստանի գործընկեր բանկերին, որոնք իրենց հերթին վարկեր կտրամադրեն ՓՄՁ-ներին՝ բարելավելու վերջիններիս մրցունակությունը, էներգաարդյունավետությունը, տնտեսական ճկունությունը եւ ներառականությունը:
Վարկային գծերին զուգահեռ ՎԶԵԲ-ի դոնոր գործընկերները՝ Եվրամիությունը, SIDA-ն եւ Կանաչ Կլիմայի հիմնադրամը, դրամաշնորհներ են տրամադրել: Պահպանելով կարեւոր առեւտրային հոսքերը՝ ՎԶԵԲ-ն՝ իր Առեւտրի խթանման ծրագրի շրջանակներում, աջակցել է Հայաստանում առեւտրի ֆինանսավորման գործարքներին շուրջ €50 միլիոն գումարի չափով՝ ներգրավելով ութ տեղական գործընկեր բանկ:
ՎԶԵԲ-ը շարունակել է համագործակցել իր երկարամյա հաճախորդի՝ Հայաստանի Էլեկտրական ցանցերի հետ՝ աջակցելու Հայաստանի էներգամատակարարման համակարգի արդիականացմանը, այդ թվում՝ Գյումրիում եւ Երեւանում էլեկտրաէներգիայի բաշխման ենթակառուցվածքների հզորացմանը։
ՎԶԵԲ-ն աջակցել է Երեւանի քաղաքապետարանի ծրագրին՝ արդիական ՍԲԳ ավտոբուսներ ձեռք բերելու գործընթացում։ Ծրագրերը խոշոր դրամաշնորհ են ստացել Արեւելյան Եվրոպայի Էներգաարդյունավետության եւ շրջակա միջավայրի գործընկերությունից (E5P):
ՎԶԵԲ-ը բիզնես խորհրդատվություն է տրամադրել տեղական ՓՄՁ-ներին՝ իրականացնելով 80 խորհրդատվական ծրագրեր, երեք միջազգային խորհրդատվական միջոցառում եւ շուկայի զարգացման 10 միջոցառում եւ վերապատրաստման դասընթացներ:
Գործարարության աջակցման գրասենյակը (ԳԱԳ), որը ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից եւ որին աջակցում է ՎԶԵԲ-ը, շարունակել է իր աշխատանքը էկոնոմիկայի նախարարության հետ բիզնես միջավայրի բարելավման մի շարք միջոցառումների ուղղությամբ:
Ընդհանուր առմամբ, նախորդ տարի ՎԶԵԲ-ի գործունեության երկրներում կանաչ ծրագրերի ֆինանսավորումը կազմել է ռեկորդային €5,4 միլիարդ, ինչը €10,4 միլիարդ ընդհանուր բիզնես ծավալի 51%-ն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: