Չիպեր արտադրող Taiwan Semiconductor-ը դարձել է Ասիայի ամենաթանկ ընկերությունը

26.01.2022 | 17:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ասիա #TSMC #միկրոսխեմաներ
Taiwan Semiconductor Manufacturing Co-ն (TSMC)՝ պատվերով միկրոսխեմաների աշխարհի առաջատար արտադրողը, դարձել է Ասիայի ամենաթանկ ընկերությունը՝ հասնելով $600 միլիարդ կապիտալիզացիայի՝ կիսահաղորդչային բաղադրիչների համաշխարհային պահանջարկի աճի ֆոնին:

Ասիայում TSMC-ն առաջին տեղից դուրս է մղել չինական Tencent Holdings Ltd.-ին, որի շուկայական արժեքը վերջին մեկ տարվա ընթացքում նվազել է 33%-ով՝ Չինաստանում տեխնոլոգիական ընկերությունների վրա կարգավորիչ ճնշման ուժեղացման պատճառով, գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը։

Tencent-ի կապիտալիզացիան կազմել է մոտ $569 միլիարդ: TSMC-ն շուկայական արժեքով առաջ է անցել Tencent-ից դեկտեմբերի 15-ից, վկայում են FactSet-ի տվյալները։

TSMC-ի արտադրած միկրոսխեմաները կարելի է հանդիպել միլիարդավոր սարքերում, այդ թվում՝ iPhone-ներում, համակարգիչներում եւ մեքենաներում: Semiconductor Industry Association-ի (SIA) տվյալներով՝ ընկերությանն է բաժին ընկնում ամենաբարդ կիսահաղորդչային բաղադրիչների արտադրության ավելի քան 90%-ը:

Վերլուծաբաններն ու ներդրողներն արդարացված են համարում TSMC-ի շուկայական արժեքը՝ հաշվի առնելով ընկերության տեխնոլոգիական առավելությունները մրցակիցների նկատմամբ, ինչպես նաեւ ընկերության չիպերի բազմակողմանիությունը:

«TSMC-ի եւ իր մրցակիցների միջեւ տեխնոլոգիական անջրպետն աճում է: Այդ իսկ պատճառով մեզ դուր են գալիս ընկերության բաժնետոմսերը»,- ասել է Optimas Capital Ltd․-ի հիմնադիրն ու գլխավոր ներդրումային տնօրեն Թոմաս Վոնգը։

S&P Global Market Intelligence-ի գնահատմամբ՝ TSMC-ն աշխարհում իններորդ խոշորագույն ընկերությունն է՝ ամերիկացի միլիարդատեր, ներդրող Ուորեն Բաֆեթի Berkshire Hathaway Inc․-ից անմիջապես հետո։ Թայվանական ընկերությունը նաեւ MSCI Emerging Markets ֆոնդային ինդեքսի ամենամեծ բաղադրիչն է՝ մոտ 7% կշռով։
Դիտում՝ 2836
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW