Կայացել է «Հանդիպում քո ֆերմերի հետ» բիզնես ֆորումը

20.01.2022 | 11:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#EU-GAIA #ԵՄ #«Հանդիպում քո ֆերմերի հետ»
Հայաստանում «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն» (EU-GAIA) ծրագրի շրջանակում տեղի է ունեցել «Հանդիպում քո ֆերմերի հետ» միջոցառումը:

EU-GAIA ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության եւ համաֆինանսավորվում է  Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։ Այն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից։

«Հանդիպում քո ֆերմերի հետ» միջոցառման նպատակն է աջակցել հայ արտադրողին եւ ֆերմերին, որոնք սպառողին են առաջարկում կանաչ գյուղատնտեսության մեթոդով մշակված բանջարեղեն, միրգ, հատապտուղներ եւ այլ առողջարար ու մաքուր սնունդ:

«Կանաչ» արտադրողներն ու ֆերմերները հանդիպեցին ռեստորանային, հյուրանոցային, սրճարանային բիզնեսի, սննդամթերքի առեւտրով զբաղվող խանութների ներկայացուցիչների եւ վերոհիշյալ մթերքը որպես հումք օգտագործող արտադրողների հետ:

Կանաչ եւ օրգանական գյուղմթերք արտադրողները տեղում ներկայացրին իրենց արտադրանքը՝ միրգ, բանջարեղեն, չրեր, մեղր, գինի եւ այլ բարիքներ, պատմեցին դրանց աճեցման եւ մշակման կանաչ մեթոդների, առողջության ու բնության համար դրանց դրական ազդեցության մասին  եւ գործարարների հետ քննարկեցին շահավետ երկարաժամկետ համագործակցության հաստատման պայմանները։

Միջոցառման ժամանակ Ավստրիական զարգացման գործակալության անունից հանդես եկավ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում (EU-GAIA) ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը։ Նա նշեց նման հանդիպում-հարթակների ստեղծման կարեւորությունը` խրախուսելով միջոցառման մասնակից երկու կողմերին լինել հնարավորինս ակտիվ եւ փորձել գտնել համագործակցության եզրեր. չէ՞ որ ծրագրի կողմից փորձել են անել հնարավորը, եւ այժմ հյուրերի հերթն է ընտրություն կատարելու իրենց բիզնեսի եւ իրենց հաճախորդի համար:

Կանաչ գյուղատնտեսության մասին պատմեց Ավստրիական զարգացման գործակալության մարքեթինգի փորձագետ Գառնիկ Մանուկյանը: Ներկաները ծանոթացան կայուն գյուղատնտեսությանը, տեղեկացան, թե ինչով է այն տարբերվում ավանդական գյուղատնտեսության վարման եղանակներից, եւ ինչպես դա կարող է ազդել ստացվող մթերքի վրա: Գառնիկ Մանուկյանը բիզնեսի ներկայացուցիչներին խրախուսեց լինել ակտիվ, հանդես գալ առաջարկություններով եւ ներկայացնել ֆերմերից ու գյուղմթերքի արտադրողից իրենց ակնկալիքները` որպես հաջող համագործակցության գրավական:

Ելույթների շարքը եզրափակեց «Երեմյան Փրոջեքթս» ընկերության PR տնօրեն Անահիտ Գեւորգյանը` «Բիզնեսն ու ֆերմերները. համագործակցության եզրեր» ելույթով: Լսարանին ներկայացվեց ընկերության` ֆերմերների հետ համագործակցության հաջողված փորձը` բնական մթերքի կանոնավոր մատակարարման ապահովման համար 2017թ.-ին ներդրված  From Farm to Table «Գյուղից՝ սեղան» հայեցակարգը, որը հաջող նախատիպ կարող է դառնալ նաեւ այլ ընկերությունների համար` խթանելով ֆերմերային տնտեսությունների ու տեղական արտադրանքի կայուն զարգացումն ու մրցունակության բարձրացումը:

Հանդիպումներին մասնակցում էին 35 «Կանաչ» եւ օրգանական արտադրողներ ու ֆերմերներ, ինչպես նաեւ 50-ից ավելի բիզնեսի ներկայացուցիչներ:
Դիտում՝ 4635
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW