2021 թվականը՝ 2-րդ ամենավատ տարին զբոսաշրջության պատմության մեջ

19.01.2022 | 12:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#UNWTO #զբոսաշրջություն
Միջազգային զբոսաշրջային ժամանումների թիվը 2021-ին նախորդ տարվա համեմատ աճել է 4%-ով, սակայն 2019-ի համեմատ անկումը կազմել է 72%, հաղորդում է Finmarket-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) տվյալները:

«2021 թվականին համաշխարհային զբոսաշրջությունը 2020 թվականի համեմատ աճել է 4%-ով՝ 400 միլիոն միջազգային ժամանումներից (գիշերակացով ուղեւորություններ) հասնելով 415 միլիոնի: Սակայն 2019 թվականի համեմատ անկումը կազմում է 72%՝ 2021 թվականը դարձնելով երկրորդ ամենավատ տարին զբոսաշրջության պատմության մեջ 2020 թվականից հետո, երբ անկումը կազմեց 73%»,- ընդգծել են կազմակերպությունում։

Նշվում է, որ պատվաստումների աճող տեմպերը եւ ճանապարհորդությունների սահմանափակումների որոշակի մեղմացումը նպաստել են ցուցանիշի ավելացմանը: 2021 թվականի երկրորդ կիսամյակում միջազգային զբոսաշրջությունը սկսեց դանդաղ վերականգնվել եւ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազումը կազմեց 62%։

«Վերականգնման տեմպերը մնում են դանդաղ եւ անհավասար աշխարհի բոլոր տարածաշրջաններում՝ պատվաստումների տարբեր աստիճանի եւ սահմանափակումների խստության պատճառով: 2020-ի համեմատ աճի լավագույն տեմպերը Հարավային Եվրոպայում եւ Կենտրոնական Ամերիկայում են (համապատասխանաբար` 57% եւ 54%), թեեւ դրանք մնում են 2019-ի մակարդակից ավելի քան կեսից ցածր: Հյուսիսային Ամերիկան, ինչպես նաեւ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպան նույնպես բարելավել են վիճակը (համապատասխանաբար՝ 17 եւ 18%)»,- ասված է UNWTO-ի զեկույցում:

Աֆրիկայում 2020 թվականի համեմատ գրանցվել է միջազգային ժամանումների 12% աճ։ Մերձավոր Արեւելքում 2020-ի համեմատ այն նվազել է 24%-ով, իսկ 2019-ի համեմատ՝ 74%-ով: Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում 2020-ի համեմատ ցուցանիշի նվազումը կազմել է 65%, իսկ 2019-ից՝ 94%, քանի որ այս տարածաշրջանում բազմաթիվ ուղղություններ մնում են ամբողջությամբ փակված:

UNWTO-ն 2021 թվականին զբոսաշրջության տնտեսական ներդրումը համաշխարհային տնտեսության մեջ գնահատում է $1,9 տրիլիոն։

«Սա ավելի բարձր է, քան 2020 թվականին ($1,6 տրիլիոն), սակայն մոտ երկու անգամ ավելի ցածր, քան 2019 թվականին ($3,5 տրիլիոն): Միջազգային զբոսաշրջությունից արտահանման եկամուտները կարող են գերազանցել 700 միլիարդը: 2020 թվականի համեմատ աճը պայմանավորված է ճամփորդությունների ավելի մեծ ծախսերով: Սակայն 2019 թվականին այդ ցուցանիշը կազմել էր $1,7 տրիլիոն»,- նշել են կազմակերպությունում։

Մեկ ուղեւորության միջին ծախսերն, ըստ UNWTO-ի, 2020 թվականի $1,3 հազարից աճել են մինչեւ $1,5 հազար`2021 թվականին: Ինչպես նշվում է, դա պայմանավորված է ուղեւորությունների տեւողության ավելացմամբ եւ տրանսպորտի ու կեցության արժեքի բարձրացմամբ։

UNWTO-ի փորձագետներն իրավիճակի բարելավում են կանխատեսում 2022 թվականին, հատկապես՝ երրորդ եռամսյակում։ Սակայն մեծամասնությունը (64%) այժմ ակնկալում է, որ միջազգային ժամանումները կվերադառնան 2019-ի մինչհամավարակային մակարդակին միայն 2024-ին, այլ ոչ թե 2023-ին, ինչպես ենթադրվում էր նախկինում:
Դիտում՝ 3833
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW