ՊԵԿ-ի ուղեցույցը՝ եկամտահարկի վերադարձման էլ. հարթակից օգտվելու համար

13.01.2022 | 17:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #ուղեցույց #եկամտահարկ
Հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերած քաղաքացիներն այս տարվանից կարող են վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումները ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով:

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) 2022 թվականի հունվարից գործարկել է էլեկտրոնային հարթակ: Կոմիտեն ներկայացնում է հիփոթեքային վարկի տոկոսագումարների չափով եկամտային հարկի վերադարձման էլեկտրոնային հարթակից օգտվելու ուղեցույցը:

Ինչպե՞ս օգտվել էլեկտրոնային հարթակից

Եկամտային հարկի գումարները հետ ստանալու դիմումն առցանց ներկայացնելու համար վարկառուն նախ պետք է գրանցվի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգում: Դրա համար պետք է այցելել ՊԵԿ պաշտոնական կայք՝ «Էլեկտրոնային ծառայություններ» բաժնի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» ենթաբաժին:

Այստեղ գրանցվելու համար կոմիտեն առաջարկում է մի քանի տարբերակ:

Տարբերակ 1. Երբ Դուք ունեք էլեկտրոնային ստորագրություն

Եթե վարկառուն ունի էլեկտրոնային ստորագրություն, ապա petekamutner.am-ից պետք է մուտք գործի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» եւ սեղմի «Գրանցվել» կոճակը: Այնուհետեւ կարող է լրացնել անհատական հաշիվ մուտքի հնարավորություն ստանալու հայտը, ներբեռնել լրացված հայտը, դնել էլեկտրոնային ստորագրություն, ապա ստորագրված հայտը հետ բեռնել եւ գրանցվել համակարգում։
Էլեկտրոնային փոստի հասցեին վարկառուն կստանա հղում՝ «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» մուտք գործելու համար: Սեղմելով հղումը՝ պետք է լրացնել հանրային ծառայությունների համարանիշը, օգտվողի անունը, գաղտնաբառը եւ գրանցվել:

Երբ Դուք չունեք էլեկտրոնային ստորագրություն, բայց ցանկանում եք դիմումն այդ եղանակով ուղարկել  

Եթե վարկառուն չունի էլեկտրոնային ստորագրություն, կարող է ստանալ www.ekeng.am համակարգի միջոցով: Դրա համար պետք է ունենաք նույնականացման քարտ, ձեռք բերեք քարտն ընթերցող սարք, կատարեք անհրաժեշտ վճարումը եւ ակտիվացնեք: Գործընթացի մանրամասները տեսանյութով ներկայացված է ekeng.am համակարգում:
Էլեկտրոնային ստորագրությունն ակտիվացնելուց հետո քայլերի հաջորդականությունը կատարեք առաջին տարբերակով։

Տարբերակ 2. Երբ Դուք չունեք էլեկտրոնային ստորագրություն

Էլեկտրոնային ստորագրության բացակայության դեպքում կարող եք օգտվել «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալում» գրանցվելու երկու այլ տարբերակից:

Մի դեպքում կարող եք այցելել հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին եւ տեղում գրանցման դիմում ներկայացնել՝ տրամադրելով գործող էլեկտրոնային հասցե եւ համապատասխան փաստաթղթեր:

Մյուս դեպքում կարող եք նույն տվյալները եւ սկանավորված դիմումն ուղարկել հարկ վճարողների սպասարկման համապատասխան բաժինների էլեկտրոնային հասցեներին: Հասցեները, դիմումի ձեւը եւ գործընթացի այլ մանրամասներ կգտնեք ՊԵԿ կայքում:

Ձեր նշած էլեկտրոնային փոստի հասցեին կստանաք հղում՝ «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» մուտք գործելու համար: Այստեղ պետք է լրացնեք հանրային ծառայությունների համարանիշը, օգտվողի անունը եւ գաղտնաբառը։ Վերջ, գրանցումն ավարտված է:

Ինչպե՞ս լրացնել եկամտային հարկի գումարների վերադարձման էլեկտրոնային դիմումը

«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալում» գրանցվելուց հետո, մուտք եք գործում ձեր տվյալներով ստեղծված էջը եւ «Եկամտային հարկի վերադարձի դիմումների գրանցամատյանում» ստեղծում նոր դիմում: Էլեկտրոնային դիմումի մեջ ընդամենը լրացնում եք ձեր հեռախոսահամարը, հաշվետու ժամանակահատվածը եւ գործող բանկային հաշվեհամարը: Պարտադիր պետք է նշել «Բանկային հաշվեհամարի ստուգման համաձայնություն տալու» դաշտը: Մնացած տեղեկատվությունն ինքնաշխատ լրացվում է: Անհրաժեշտության դեպքում կարող եք ստուգել լրացված տվյալները, նաեւ խմբագրել վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարի չափը:

Մնում է սեղմել «Հանձնել ՊԵԿ կոճակը» եւ վերջ․ դիմումն ուղարկված է:

Ուշադրությո՛ւն

Այս ամենն ընդամենը րոպեներ է տեւում: Սակայն դրա համար անհրաժեշտ է, որպեսզի եկամտային հարկի հաշվարկը գործատուն հարկային մարմին արդեն ներկայացրած ու վճարած լինի, իսկ ֆինանսական կազմակերպությունը տրամադրած լինի հիփոթեքային վարկի վճարված տոկոսների գումարի վերաբերյալ տվյալը:
Եթե այս տվյալներից որեւէ մեկն անգամ փոխանցված չէ ՊԵԿ-ին, համակարգն այդ մասին ազդարարում է:

Ե՞րբ կստանաք հիփոթեքային վարկի տոկոսի չափով եկամտային հարկի գումարը  

Էլեկտրոնային դիմումը բարեհաջող ուղարկելուց հետո եկամտային հարկի գումարը կստանաք հեշտ եւ արագ՝ ժամերի կամ առավելագույնն աշխատանքային 3 օրվա ընթացքում:

Դիտում՝ 13133
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW