Աշխարհի խոշորագույն բանկերը միավորվել են՝ կառավարելու կլիմայական ռիսկերը

13.01.2022 | 09:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բանկեր #RMA #կլիմա
Աշխարհի խոշորագույն բանկերը, այդ թվում՝ Bank of America-ն, Wells Fargo-ն եւ Royal Bank of Canada-ն, միավորվել են՝ կառավարելու կլիմայի փոփոխության հետ կապված ռիսկերը, հաղորդում է Finmarket-ը։

19 բանկերից եւ Risk Management Association (RMA) կազմակերպությունից բաղկացած նորաստեղծ կոնսորցիումի աշխատանքն ուղղված կլինի կլիմայական ռիսկերի չափման եւ կառավարման ստանդարտների մշակմանը, ասված է RMA-ի հաղորդագրության մեջ:

«Բանկերը կարող են առանցքային դեր խաղալ այսպես կոչված զրոյական վնասակար արտանետումներով տնտեսությանն անցնելու գործում»,- ասել է RMA-ի ղեկավար Նենսի Ֆոսթերը։ Նա նաեւ հավելել է, որ բանկերը կարող են ներգրավվել ոչ միայն եղանակային փոփոխությունների վրա ազդող ակտիվների որոշման, այլեւ հաճախորդ ընկերություններից վնասակար արտանետումների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման գործում:

Այնուամենայնիվ, Ֆոսթերը նաեւ նշել է, որ դեռ հնարավոր չէ հստակ ասել, թե կոնսորցիումի աշխատանքն ինչպես կազդի առանձին բանկերի քաղաքականության վրա։



«Կլիմայի փոփոխության դեմ պայքարում բանկերի ջանքերը ոչ միանշանակ արձագանք են առաջացնում ներդրողների եւ ակտիվիստների կողմից: Ոմանք կասկածի տակ են դնում ֆինանսական հաստատությունների անկեղծությունն ու լրջությունը, մինչդեռ ավելի պահպանողական դիտորդները կարծում են, որ բանկերը պետք է ծառայություններ մատուցեն օրենքի սահմանում աշխատող բոլոր ճյուղերին, ներառյալ՝ օգտակար հանածոների արդյունահանումը»,- գրում է պարբերականը:



Banks.am-ը հիշեցնում է, որ ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) վերլուծաբանների՝ կենտրոնական բանկերի կողմից «կանաչ» ֆինանսավորման նկատմամբ չափազանց մեծ ոգեւորությունը, ինչպես նաեւ ESG օրակարգի ներքո նրանց վրա քաղաքական ճնշումը, կարող են հանգեցնել ֆինանսական աղետի։

ԱՄՀ-ն կոչ է անում ածխածնային ցածր պարունակությամբ տնտեսության անցման խնդիրը չհանձնել կենտրոնական բանկերին՝ առանց կառավարությունների հետ համաձայնեցնելու:
Կարգավորիչների միջամտությունը նոր շուկային կարող է ազդել նրանց հեղինակության վրա եւ առաջացնել շուկաներում չափազանց մեծ անկայունություն, ինչը հատկապես վտանգավոր է նման արժեթղթերի բարձր գրավչության պատճառով ձեւավորվող «կանաչ փուչիկի» ֆոնին։

Դե ֆակտո, վերլուծաբանները պնդում են, որ ֆինանսական կարգավորիչները պետք է ապահովեն միայն տեղեկատվության թափանցիկություն եւ խաղի հավասար կանոններ, իսկ ֆինանսական շուկան բավականաչափ կատարյալ է, որպեսզի ինքնուրույն եւ պատշաճ կերպով գնահատի ապակարբոնացման նախագծերը:
Դիտում՝ 3876
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW