Volkswagen-ի լեգենդար Microbus-ի էլեկտրական ռեինկարնացիան

10.01.2022 | 16:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Volkswagen #Microbus #Kombi
Volkswagen կոնցեռնը ցուցադրել է իր լեգենդար Microbus-ի կամ, ինչպես այն նաեւ անվանում են՝ Kombi-ի երկար սպասված ժամանակակից տարբերակը, հաղորդում է Rusbase-ը՝ վկայակոչելով Reuters-ը։

1960-70-ականների մոդելը հատկապես սիրված էր եվրոպացի եւ ամերիկացի երիտասարդության կողմից, եւ արդյունքում այն դարձավ խորհրդանշական ամբողջ դարաշրջանի համար եւ, մասնավորապես, հիպի ենթամշակույթի խորհրդանիշներից մեկը։

Volkswagen-ն իր լեգենդար միկրոավտոբուսի էլեկտրական ռեինկարնացիան կներկայացնի այս տարվա մարտին, իսկ վաճառքում այն չի լինի մինչեւ 2023 թվականը։

Էլեկտրական շարժիչով մինիվենի կոնցեպտը Volkswagen-ը ցուցադրել էր դեռեւս 2017  թվականին Դետրոյթում՝ դրա նկատմամբ առաջացնելով հետաքրքրության մեծ ալիք։ Սակայն դրանից հետո մոդելի մասին լուրեր գրեթե չեղան։ Հավանական է, որ ընկերությունը մարտին կցուցադրի էլեկտրամոբիլի մի փոքր այլ տարբերակը։

Նոր էլեկտրական միկրոավտոբուսը, որը կոչվում է ID.Buzz, ունի ժամանակակից դիզայն եւ որոշ չափով նման է իր հիպի նախնիին, այնուամենայնիվ հին մոդելների ազդեցությունն ակնհայտ է։

«Volkswagen»-ը լրջորեն թիրախավորում է էլեկտրական մեքենաների շուկան. կոնցեռնը, օրինակ, նախատեսում է մինչեւ 2035 թվականը դադարեցնել ներքին այրման շարժիչներով մեքենաների վաճառքը Եվրոպայում եւ ակտիվորեն զարգացնում է մարտկոցներն ու ինքնակառավարվող տեխնոլոգիաները»,- գրում է պարբերականը։



Banks.am-ը հիշեցնում է, որ աշխարհի առաջատար ավտոարտադրողները նախատեսում են մինչեւ 2030 թվականը ծախսել $515 մլրդ էլեկտրամոբիլների եւ մարտկոցների վրա՝ հասնելու տարբեր երկրների կողմից սահմանված ածխածնի արտանետումների կրճատման ավելի խիստ նպատակներին եւ անցնել բացառապես էլեկտրամոբիլների արտադրությանը։

Այս ոլորտում առաջատարը գերմանական Volkswagen ավտոարտադրողն է, որն առաջիկա տասնամյակում մտադիր է գրեթե $110 մլրդ ծախսել էլեկտրամոբիլների եւ մարտկոցների վրա: Գերմանական ընկերությունների, ներառյալ՝ Daimler-ի եւ BMW-ի, միագումար ծախսերն այս ոլորտում մինչեւ 2030 թվականը կկազմեն $185 մլրդ:
Դիտում՝ 3214
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW