Հավատարիմ ՀԲԸ Միության առաքելությանն իրենց ցուցաբերած շարունակական աջակցությանը՝ ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Վաչե Մանուկյանը եւ նրա տիկին Թամար Մանուկյանը հայտարարել են $1 մլն տարեվերջյան նվիրատվության մասին՝ հաջակցություն կազմակերպության ծրագրերի եւ գործունեության ընդլայնման: Արձագանքելով հայտարարությանը՝ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը նշել է. «Գաղտնիք չէ, որ Մանուկյանների առատաձեռնությունը բխում է ոչ միայն նրանց՝ որպես հպարտ հայերի եւ նվիրված մարդասերների սրտի խորքից, այլ նաեւ ռազմավարական նկատառումներից: Ձեռքը մշտապես ժամանակի զարկերակին՝ նրանք կարողանում են ճիշտ գնահատել կարիքները, որսալ պահը եւ ապահովել ապագան: Մենք երախտապարտ ենք Մանուկյաններին եւ մեր բոլոր դոնորներին, առանց որոնց աջակցության ՀԲԸՄ-ն չէր կարող բարեհաջող իրականացնել իր առաքելությունը»:«Լիբանանում ծնված եւ բազմաթիվ երկրներում բիզնեսներ ղեկավարող Վաչե Մանուկյանը բարեսիրության անկեղծ մղումը ժառանգել է իր ընտանիքից եւ հիմնել բարեգործական նախաձեռնությունների կայացած ավանդույթներ ողջ աշխարհում: Իր տիկնոջ հետ միասին նա երկար տարիներ աջակցել է Հայ Եկեղեցու գործունեության եւ ընդհանրապես հայկական շահերի խթանմանը: Նրանց բարեգործության ոգին տարածվել է բազմաթիվ նախաձեռնությունների վրա, ընդ որում՝ ի շահ ոչ միայն հայության, այլեւ միջազգային ավելի լայն հանրության՝ նրանց աջակցությամբ իրականացված խոշոր մարդասիրական, կրթական, մշակութային ու կրոնական ծրագրերի միջոցով»,- նշված է հաղորդակցության մեջ:Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) սփյուռքի հնագույն, համաժողովրդական եւ համահայկական կազմակերպությունն է: Հիմնված լինելով 1906 թվականին՝ ՀԲԸՄ-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում: ՀԲԸՄ-ը կրթական, մշակութային եւ մարդասիրական ծրագրերի միջոցով պահպանում եւ զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը՝ յուրաքանչյուր տարի ազդեցություն ունենալով աշխարհով մեկ սփռված շուրջ 500,000 հայերի կյանքի վրա: Tweet Դիտում՝ 8873