Նվերների փոխանակման ծրագիր` Սուրբծննդյան տոնավաճառում

06.12.2021 | 14:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Ավրորա» #ՄԱԿ #տոնավաճառ
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կազմակերպած Սուրբծննդյան տոնավաճառի շրջանակում կիրականացվի Նվերների փոխանակման ծրագիրը, որն առաջարկում է հետաքրքիր նվերներ կազմակերպիչների կողմից:

Բացի այս, բոլոր այցելուները հնարավորություն կունենան վայելելու կենդանի կատարումներ, մինչ կգնեն տեղական արտադրության ապրանքներ՝ օգնելով կարիքի մեջ գտնվողներին:  

«Վճարելով ընդամենը 1.000 դրամ յուրաքանչյուր կտրոնի համար՝ ցանկացած ոք կարող է մասնակցել Նվերների փոխանակման ծրագրին. ընկերությունները կարող են գնել մեծ քանակի կտրոններ եւ անակնկալ մատուցել իրենց հաճախորդներին, գործընկերներին կամ աշխատակիցներին, իսկ անհատները կարող են նվիրատվություն կատարել այս հղումով եւ համապատասխան քանակի կտրոններ ստանալ էլեկտրոնային փոստով: Եվ, իհարկե, այցելելով Սուրբծննդյան տոնավաճառ՝ դուք կարող եք կատարել նվիրատվություն եւ ձեռք բերել կտրոն կամ կտրոններ հենց տեղում:



Տարատեսակ նվերներն սպասում են հաջողակներին. սուրբծննդյան նախաճաշ կենդանի երաժշտության ուղեկցությամբ, ճաշ երկուսի համար ռեստորանում, որտեղից բացվում է սքանչելի տեսարան, անվճար հանգստյան օրեր երկուսի համար երեւանյան հյուրանոցում, գինի, զարդեր եւ շատ այլ նվերներ: Երկու գլխավոր նվերներն առաջարկում են տոնավաճառը նախաձեռնողները․ բացառիկ հրավեր 2022 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը՝ աշխարհի որ անկյունում էլ այն անցկացվի, եւ մասնակցության հրավեր Հայաստանում ՄԱԿ-ի 30-ամյակին նվիրված բարձր մակարդակի միջոցառմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տոնավաճառի ժամանակ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի քառյակը, Հայաստանի եւ Արցախի մի շարք այլ տաղանդավոր երաժիշտներ կներկայացնեն տոնական երաժշտություն՝ կենդանի կատարմամբ՝ սփռելով ամանորյա տրամադրություն: Ժամը 16:00-ին «Զանգակ» գրատան «Տաբեր» գրքի ակումբը կկազմակերպի ընթերցանության անկյուն, որտեղ փոքրիկները Սերգեյ Սարգսյանի հետ կքննարկեն Ջաննի Ռոդարիի «Երկնագույն նետը» ստեղծագործությունը:

Նվերների փոխանակման ծրագրի հաջողակ-մասնակիցների անունները հայտնի կդառնան ժամը 18:30-ին․ նրանք կստանան Սուրբծննդյան տոնավաճառի կազմակերպիչների եւ գործընկերների տրամադրած հետաքրքիր նվերները:

«Միացեք Նվերների փոխանակման ծրագրին այսօր, նվիրաբերեք «Ավրորայի» ու ՄԱԿ-ի հայաստանյան ծրագրերին, այցելեք Սուրբծննդյան տոնավաճառ: Ցանկացած հարցի դեպքում խնդրում ենք կապ հաստատել info@auroraprize.com էլ. Հասցեով»,- ընդգծել են կազմակերպիչները:
Դիտում՝ 6996
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai