Ամերիաբանկը եւ ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը (Նավթ արտադրող երկրների կազմակերպություն) ստորագրել են 30 մլն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ վարկային պայմանագիր՝ երկրում մասնավոր հատվածի զարգացմանն աջակցելու նպատակով:Վարկի շուրջ 50 տոկոսն ուղղվելու է փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ֆինանսավորմանը, ինչը հնարավորություն կտա վերջիններիս ստանալ անհրաժեշտ միջոցներ բիզնեսը զարգացնելու, նոր աշխատատեղեր ստեղծելու եւ գործունեությունը ընդլայնելու համար: Վարկային միջոցների մյուս մասն ուղղվելու է կանաչ ծրագրերի, մասնավորապես, էներգաարդյունավետության բարձրացմանն ու Հայաստանում ածխածնային արտանետումների կրճատմանը նպաստող ծրագրերի իրագործմանը: ՕՊԵԿ միջազգային զարգացման Հիմնադրամի մասնավոր հատվածի եւ առեւտրի ֆինանսավորման գործառնությունների գծով գլխավոր տնօրենի օգնական Թարեք Ալնասարի խոսքով. «Մենք ուրախ ենք շարունակել մեր համագործակցությունն Ամերիաբանկի հետ` Հայաստանում ՓՄՁ-ների ու էներգաարդյունավետ ծրագրերի ֆինանսավորման նոր գործիքների միջոցով, որոնք կօգնեն ապահովել ՓՄՁ-ներին շրջանառու կապիտալով, եւ կնպաստեն կայուն էներգետիկայի զարգացմանն ու տնտեսական դիմացկունությանը»: Հիմնադրամը եւ Ամերիաբանկը համագործակցում են 2015 թվականից՝ նպաստելով Հայաստանի տնտեսության զարգացմանը ՓՄՁ եւ առեւտրի ֆինանսավորման ուղղություններով։ Մասնավորապես, կնքված առաջին պայմանագրի շրջանակներում (20 մլն ԱՄՆ դոլար) վարկային միջոցներն ուղղվել են տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում` մեծածախ առեւտրի, արտադրության, սննդի արդյունաբերության եւ հյուրանոցների ոլորտներում գործող փոքր եւ միջին ձեռնարկություններին (ՓՄՁ): Երկրորդ վարկը (25 մլն ԱՄՆ դոլար), որը տրամադրվել է հիմնադրամի առեւտրի ֆինանսավորման գործառնությունների շրջանակում, նպաստեց Ամերիաբանկի միջազգային առեւտրային պորտֆելի ընդլայնմանը: Նշված երկու վարկային պայմանագրերի շրջանակներում Հայաստանում ֆինանսավորում է ստացել ավելի քան 130 ձեռնարկություն: Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն իր խոսքում նշեց . «Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամին մեր երկարամյա արդյունավետ համագործակցության համար։ ՓՄՁ ֆինանսավորումը մեր ռազմավարական նպատակներից մեկն է, եւ մենք ուրախ ենք կրկին միավորել ջանքերը մեր հաճախորդներին երկարաժամկետ ֆինանսավորում առաջարկելու համար: Հավատարիմ մնալով մեր կանաչ ռազմավարության ծրագրերին` ֆինանսական միջոցները հիմնականում ուղղվելու են էներգաարդյունավետ ծրագրերի իրականացմանը»:Ամերիաբանկը 2009 թվականից ի վեր ֆինանսավորել է ավելի քան 250 մլն ԱՄՆ դոլարի նախագծեր վերականգնվող էներգետիկայի ոլորտում: Tweet Դիտում՝ 6035