Անշարժ գույքի հարկի վճարման վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ն է
22.11.2021 | 12:33 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Naira Tovmasyan

Նախկինում գույքահարկ վճարում էին այն սեփականատերերը, որոնց գույքի կադաստրային արժեքը գերազանցում էր 3 մլն դրամը: Օրենսգրքում կատարված փոփոխությունների հետեւանքով, սակայն, 2021թ. հունվարի 1-ից անշարժ գույքի համար հարկ վճարելը պարտադիր է բոլորի համար:
«Հանրապետությունում ունեինք հարյուր հազարներով բնակարաններ, որոնց կադաստրային արժեքը 3 մլն-ից ցածր էր եւ վերջիններիս համար գույքահարկ չէին վճարում, օրինակ, Երեւանում ավելի քան 100 հազար նման բնակարան կար: Հարկային օրենսգրքով եւ դրանից հետո ընդունվեց օրենք անշարժ գույքի կադաստրային գնահատման վերաբերյալ. արդեն այստեղ տրամաբանությունը փոխվեց: Հարկման հիմքը կադաստրային արժեքն է, իսկ դա մոտարկվում է շուկայական արժեքին»,- ասել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) համայնքային տեղեկատվական հոսքերի կառավարման բաժնի պետ Գարեգին Մանուկյանը:
Անշարժ գույքի հարկերի հավաքմամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները: Որպեսզի փոփոխված օրենքով բնակիչները հարկային նոր բեռի տակ չընկնեն, ընտրվել է վճարման փուլային տարբերակ։
«Հարկման բազայից հետո նախատեսվում է քայլ առ քայլ գալ վերջնական փուլի: Առաջին տարում եղավ գնահատված արժեքի 25%-ի չափով հարկի գանձումը, 2022թ. եւս 5% կավելանա եւ այդպես մինչեւ 2026թ. կավարտվի՝ ամբողջ 100% գնահատման առումով: Ուզում եմ մեր քաղաքացիներին խնդրել, որ սահմանված ժամկետում վճարեն իրենց գույքային միավորների հարկային պարտավորությունները՝ ավելորդ տույժերից խուսափելու համար, որովհետեւ դեկտեմբերի 1-ից հետո օրենքով նախատեսված դրույթով համայնքը հաշվարկելու է 0.04% տուգանք 730 օր, ինչը նախատեսված է օրենքով»,- նշել է Երեւանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը:
Անշարժ գույքի հարկի Հավաքման գործընթացը կազմակերպվում է թե տեսուչների ուժերով, թե էլեկտրոնային հարթակներով: «Այս պահի դրությամբ 3 մլրդ 209 մլն դրամ անշարժ գույքի մասով ունենք մուտքեր, վճարումներ, գույքահարկի մասով՝ 1 մլրդ 630 մլն եւ 361 մլն՝ հողի հարկի մասով»,- ասել է Արմեն Հարությունյանը:
Գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ներդրվել է համայնքների եկամուտների կառավարման միասնական համակարգ՝ pay.e-community.am հարթակը:
«Էլեկտրոնային համակարգի դեպքում համայնքապետարանն արդեն առցանց է տեսնում փոխադրամիջոցի կամ անշարժ գույքի տվյալները: Եթե նախկինում սեփականատիրոջ փոփոխություն կամ օտարում էր լինում, ապա դա տեսանելի էր դառնում մի քանի ամիս հետո, իսկ արդեն այս դեպքում առցանց եղանակով երեւում է: Իսկ դա քաղաքացիներին հնարավորություն է տալիս առանց համայնքապետարան կամ բանկ գնալու ուղղակի սեփական համակարգչից կամ հեռախոսից կամ վճարահաշվարկային տերմինալներից կատարել իր հարկային պարտավորությունները՝ մի քանի րոպեի ընթացքում»,- ասել է Գարեգին Մանուկյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: