SADA-ն կօգնի ՀՀ տնտեսության զարգացման գործում ներգրավել սփյուռքի ներուժը

18.11.2021 | 11:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#SADA #Հովիգ Սաֆոյան #Զարեհ Սինանյան
Նոյեմբերի 17-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի եւ SADA գլոբալ մատակարարման կենտրոնի միջեւ կնքվեց համագործակցության հուշագիր:

Այն ստորագրեցին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը եւ SADA-ի տնօրենների խորհրդի նախագահ եւ համահիմնադիր Հովիգ Սաֆոյանը:

Հուշագրի նպատակն է ՀՀ տնտեսության զարգացման գործում ներգրավել սփյուռքի ներուժը, բարձր որակավորում ունեցող հայրենադարձված մասնագետներին ապահովել կայուն աշխատանքով, բիզնեսի, նորարարության, տեխնոլոգիական ծառայությունների մատակարարման բնագավառում ընդլայնել սփյուռքահայ մասնագետների ներգրավումը: Բացի այդ ընկերությունը համաձայնել է աջակցել գրասենյակի կողմից թվայնացման ոլորտներում սփյուռքի ներուժի հավաքագրման աշխատանքներին եւ այդ ներուժի ներգրավմամբ Հայաստանում լայնորեն կիրառելի դարձնել ամպային տեխնոլոգիաների նորարարությունները:

«SADA-ի մասին գիտեմ արդեն երկար տարիներ եւ միշտ հպարտություն եմ զգացել հայկական այս տեխնոմատակարարի համաշխարհային հաջողությունների մասին լսելիս: Առավել հպարտ եմ, որ այս տարի ընկերությունը Հայաստանում գլոբալ մատակարարման գրասենյակ հիմնեց, եւ մենք հնարավորություն ունենք հենց հայրենիքում համագործակցել ավելի սերտ եւ առարկայական: Հայկական սփյուռքը անվերջանալի մասնագիտական ներուժի աղբյուր է, եւ վստահ եմ՝ նման համագործակցությունների շնորհիվ կարող ենք այդ ներուժը ուղղորդել դեպի Հայաստան»,- նշել է Զարեհ Սինանյանը:


 
«SADA-ի ծառայությունների պահանջարկը գլոբալ IT աշխարհում արագ աճում է, ուստի մենք հայտարարել ենք, որ այստեղ՝ Հայաստանի գլոբալ մատակարարման կենտրոնում, կընդունենք ինժեներական տաղանդների ամբողջ աշխարհից: Իսկ հայազգի բարձրակարգ ինժեներներին պատրաստ ենք ընդունելու առանց քանակական սահմանափակման՝ մեր չափանիշներին համապատասխանելու դեպքում: Ավելին, մենք նրանց կաջակցենք հայրենիք տեղափոխության հարցերում: Ես ուրախ եմ, որ կարող ենք համագործակցել նաեւ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ»,- նշել է SADA-ի տնօրենների խորհրդի նախագահ Հովիգ Սաֆոյանը:  

SADA-ն բիզնեսի եւ տեխնոլոգիական ծառայությունների համաշխարհային մատակարար է, մարդկանց հնարավորություն է տալիս փոխակերպել իրենց աշխատանքը, իրենց կազմակերպությունները եւ աշխարհը: SADA-ի թիմերը օգնել են առողջապահության, մեդիայի, խաղերի, արտադրության, պետական եւ այլ հատվածների հաճախորդ-ձեռնարկություններին՝ լուծելու իրենց ամենաբարդ խնդիրները:

Բազմաթիվ մասնագիտացումներով որպես Google Cloud-ի առաջատար գործընկեր՝ SADA-ն ապահովում է շարունակական նորարարություն, ամուր գործընկերություն եւ ծառայությունների գերազանցություն: Արդյունքում ընկերությունը արժանացել է բազմաթիվ խրախուսանքների ու պարգեւների, ներառյալ՝ 2018, 2019 եւ 2020 թթ․ Google Cloud Reseller Partner, 15 տարի շարունակ Միացյալ Նահանգների ամենաարագ աճող 5000 մասնավոր ընկերությունների ցուցակի առաջատար, իսկ 2021 թվականին՝ Ամերիկայի լավագույն 50 աշխատատեղերի ցուցակի առաջատար։
Դիտում՝ 2207
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW