Նոյեմբերի 20-ից կմեկնարկի Տյումեն-Երեւան ուղիղ չվերթը, որից հետո Տյումեն-Երեւան-Տյումեն կանոնավոր չվերթեր կիրականացվեն շաբաթը մեկ անգամ։ Թռիչքները կիրականացնի Utair ավիաընկերությունը։Տեղեկացնելով այս մասին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին՝ Տյումենի մարզի հայերի միության նախագահ Աբրահամ Հովեյանը պատրաստակամություն է հայտնել գործադրել Տյումենի մարզի հայերի միության եւ շուրջ 25 հազարանոց հայ համայնքի ներուժը՝ առավելագույն արդյունավետությամբ օգտագործելու ստեղծված հնարավորությունը՝ Հայաստանի հետ մարզի տնտեսական եւ մշակութային համագործակցությունն աշխուժացնելու համար։Վահան Քերոբյանն իր հերթին նշել է, որ չափազանց կարեւորում է Սփյուռքի մասնակցությունը Հայաստանի տնտեսության զարգացման հարցում։ Նա նաեւ հավելել է, որ ակնկալում է ակտիվ համագործակցություն՝ իր հերթին վստահեցնելով, որ նախարարությունը նույնպես կօգտագործի ընձեռված հնարավորությունը Տյումենի մարզի հետ առեւտրատնտեսական հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար։«Տյումենի մարզը հանդիսանում է աշխարհի խոշորագույն վարչատարածքային միավորներից մեկը եւ Ռուսաստանի ամենամեծ նավթագազային մարզը։ Այստեղ առավել զարգացած են արդյունաբերության հետեւյալ ճյուղերը՝ նավթի արտադրություն եւ վերամշակում, մեքենաշինություն, շինանյութերի արտադրություն, փայտամշակում»,- ասված է Էկոնոմիկայի նախարարության հաղորդակցության մեջ։ Tweet Դիտում՝ 4224