Կառավարությունն այսօր որոշել է ՀՀ սեփականությունը հանդիսացող 377.4 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասերը ներդնել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) կանոնադրական կապիտալում՝ «Այգ-1» ծրագրով արեւային ֆոտովոլտային կայանի կառուցման նպատակով։ Ծրագրով նախատեսվում է Արագածոտնի մարզի Դաշտադեմ եւ Թալին համայնքների տարածքում կառուցել 200 մեգավատ հզորությամբ արեւային էլեկտրակայան:«Ծրագիրը վերահաստատում է կառավարության հանձնառությունն՝ ուղղված վերականգվող էներգետիկայի զարգացմանը, ըստ որի նախատեսվում է կառուցել մինչեւ 1000 ՄՎտ հզորությամբ արեւային կայաններ, ներառյալ ինքնավարները՝ նպատակ ունենալով մինչեւ 2030թ․ արեւային էներգիայի արտադրության բաժինն ընդհանուրի մեջ հասցնել առնվազն 15%-ի:Ծրագիրն ունի կարեւոր ռազմավարական նշանակություն, թե' ներդրումային, թե' նաեւ Հայաստանի ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում վերականգնվող էներգիայի մասնաբաժնի մեծացման, էներգետիկ անվտանգության եւ անկախության մակարդակի բարձրացման տեսանկյունից»,- նշել են ԱՆԻՖ-ում: «Այգ-1» ծրագիրն իրականացնում է Արաբական Միացյալ Էմիրությունների «Մասդար» ընկերության եւ «ԱՆԻՖ»-ի կողմից ստեղծված համատեղ ընկերությունը։ «Մասդար» ընկերությունը վերականգնվող էներգետիկայի ոլորտում միջազգային առաջատար ընկերություններից մեկն է։ Tweet Դիտում՝ 3302