ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ասել է, որ «պետք է փորձել զսպել գնաճն այն գործիքներով, որոնք ունենք մեր տնօրինման տակ»։ Նախարարն ասել է, որ ընդհանուր գնաճը 8,9% է, իսկ սննդամթերքի դեպքում՝ ավելի բարձր։ «Մենք անհանգստացած եք, որովհետեւ մեր աշխատանքի արդյունքը պետք է լինի մարդկանց ավելի լավ ապրելը, իսկ գնաճը խժռում է մեր արած աշխատանքի մեծ մասը։ Կենտրոնական բանկը (ԿԲ) եւս իր գործիքակազմն է կիրառում, բայց, երբեմն, այդ գործիքակազմը սկսում է վտանգել կամ վնասել տնտեսության՝ մեզ համար կարեւոր ճյուղերին, օրինակ՝ արտահանմանը։ Արտարժույթի փոխարժեքն այժմ վերջին մի քանի տարվա, հավանաբար, ամենացածր կետի վրա է, ինչը մեզ շատ է անհանգստացնում, ինչպես նաեւ՝ արտահանողներին։ Մենք ակնկալում ենք, որ ԿԲ-ն չի թողնի, որպեսզի տնտեսության կարեւոր ճյուղերը վտանգվեն»,- ասել է նա։ Վահան Քերոբյանը նշել է, որ կոնսուլտացիաների մեջ են ԵԱՏՄ գործընկեր երկրների հետ, բայց խոսքը վերաբերում է նաեւ Ուկրաինային, Հարավամերիկյան երկրներին, որպեսզի հնարավոր լինի ՀՀ տնտեսվարողներին ապահովել ցածր կամ նորմալ գներով ապրանքներով եւ հումքով, ինչը թույլ կտա մեղմել գնաճը։ «Այժմ բանակցում ենք թե ռուս գործընկերների, թե ուկրաինացի, որպեսզի ֆյուչերսային պայմանագրերով ամրագրենք մեր հաջորդ ամբողջ տարվա բերքի գինը»,- ասել է Վահան Քերոբյանը։Էկոնոմիկայի նախարարը նաեւ նշել է, որ շուտով կգործարկվի Փոթիի լաստանավը, որի մի մասը կսուբսիդավորի ՀՀ կառավարությունը, որպեսզի զսպվի գների աճը եւ թույլ տրվի, որ ներմուծողներն ու արտահանողները կարողանան ավելի մատչելի գներով եւ Լարսին այլընտրանքային ճանապարհով իրականացնել ապրանքաշրջանառություն։ Tweet Դիտում՝ 2645