Ս.թ. հոկտեմբերի 1-ին պաշտոնապես մեկնարկել է «Հմուտ երիտասարդներ հանուն համայնքի զարգացման» «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի կողմից ֆինանսավորվող եւ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող երկամյա ծրագիրը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է $111 հազար, որից $100.2 հազարը տրամադրել է «Էյչ-Էս-Բի-Սի» Խումբը: Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի չորս մարզերի՝ Լոռու, Շիրակի, Վայոց Ձորի եւ Արագածոտնի հեռավոր համայնքների 16-35 տարեկան 200 երիտասարդների զբաղվածության մակարդակի բարձրացմանը, սոցիալական ներառմանը եւ ձեռնարկատիրական կարողությունների զարգացմանը: Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել վերոնշյալ չորս մարզերի սոցիալապես անապահով ընտանիքների երիտասարդները: Ընտրված մասնակիցները, մասնագիտական հմտություններից բացի կծանոթանան նաեւ բիզնեսի կառավարման, շուկայի ուսումնասիրության, ձեռնարկատիրական կրթության եւ ֆինանսական գրագիտության նրբություններին: Մասնակիցներին կտրամադրվեն նաեւ անհրաժեշտ նյութեր ու գործիքներ գործնական ուսուցման համար:Ծրագիրը կիրականացվի երկու փուլով: Առաջին տարվա ընթացքում շահառու երիտասարդները կմասնակցեն զբաղվածության եւ ձեռնարկատիրական հմտությունների զարգացման, մասնագիտական գիտելիքների ձեռքբերման տեսական եւ գործնական դասընթացների: Մասնակիցների հետ կաշխատեն եւ նրանց կդասավանդեն փորձառու մասնագետներ եւ դասընթացավարներ: Երկրորդ տարվա ընթացքում ծրագիրը կնպաստի ձեռնարկությունների ստեղծմանը եւ մասնակիցների զբաղվածության ապահովմանը։ Ծրագրի ավարտին շահառու երիտասարդները հնարավորություն կունենան իրենց մարզում աշխատանք գտնել կամ սեփական բիզնեսը հիմնել: Լավագույն բիզնես պլանները ներկայացրած 25 երիտասարդներ կստանան $700-ին համարժեք դրամաշնորհ իրենց բիզնեսի առաջխաղացման համար:«Այսօր իմաստալից կյանք ունենալու համար հարկավոր է ունենալ արժանապատիվ աշխատանք: Այս ծրագիրը միտված է տալ երիտասարդներին հմտություններ, որոնք էլ կապահովեն նրանց այդ արժանապատիվ աշխատանքը»,- նշել է «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը:«Բազմաթիվ երիտասարդներ ունեն կարողություններ եւ նպատակ՝ բիզնեսում հաջողելու կամ թեեւ դժվարին, բայց հաջող կարիերա ունենալու համար, սակայն նրանք աջակցության կարիք ունեն։ Հանդիսանալով «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի անդամ՝ մենք շարունակում ենք բանկի երկարատեւ ավանդույթը. այն է՝ հնարավորինս խթանել դրական ազդեցությունն այն երկրներում, որտեղ մենք գործունեություն ենք ծավալում։ Էյչ-Էս-Բի-Սի-ն օգնում է սոցիալապես խոցելի մարդկանց՝ նպաստելով զբաղվածության աճին եւ բարելավելով ֆինանսական կարողություններն իր «Ապագայի հմտություններ, մեծ ազդեցություն» միջազգային ծրագրի ֆոնդի միջոցով։ Այս ծրագիրը հրաշալի օրինակ է ի ցույց նրա, թե ինչպես մեր գլոբալ ցանցի եւ հնարավորությունների միջոցով հնարավոր է դառնում նպաստել տեղական համայնքների զարգացմանը»,- իր հերթին ասել է «Էյչ-Էս-Բի-Սի» Հայաստան բանկի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը: Tweet Դիտում՝ 5892