LinkedIn-ը լքում է Չինաստանի շուկան

15.10.2021 | 09:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#LinkedIn #Microsoft #Չինաստան
Microsoft-ը հայտարարել է, որ փակում է Չինաստանում LinkedIn-ի իր տեղական տարբերակը, քանի որ երկիրը շարունակում է ընդլայնել համացանցի գրաքննությունը, հաղորդում է CNBC-ն:

LinkedIn-ը ԱՄՆ վերջին խոշոր սոցիալական ցանցն էր, որը դեռ գործում էր Չինաստանում: Twitter-ը եւ Facebook-ը արգելափակվել էին ավելի քան 10 տարի առաջ, իսկ Google-ը որոշել էր դադարեցնել իր գործունեությունը 2010 թվականին:

Microsoft-ը հայտարարել է, որ փակելու է LinkedIn-ը՝ «Չինաստանում զգալիորեն ավելի բարդ գործառնական միջավայրի եւ համապատասխանության ավելի խիստ պահանջների պատճառով»: Փոխարենը՝ Microsoft-ը Չինաստանում կգործարկի աշխատանքի որոնման կայք, որը չի ունենա սոցիալական ցանցի գործառույթներ: InJobs անվանումը կրող կայքը չի ներառի սոցիալական լրահոս եւ թույլ չի տա օգտատերերին կիսվել գրառումներով կամ հոդվածներով:

The Wall Street Journal-ը նշում է, որ մարտ ամսին Չինաստանի ինտերնետ կարգավորիչը LinkedIn-ին 30 օր ժամանակ էր տվել, որպեսզի վերջինս ավելի լավ մոդեռացնի իր բովանդակությունը: Անցած ամիս LinkedIn-ը Չինաստանում արգելափակեց մի քանի ամերիկացի լրագրողների՝ վկայակոչելով նրանց օգտահաշիվներում «արգելված բովանդակությունը»: Բացի այդ, վերջին ամիսներին Չինաստանի հարթակում արգելափակվեցին գիտնականների եւ հետազոտողների օգտահաշիվներ:



LinkedIn-ը Չինաստանում գործարկվել էր 2014 թվականին՝ սահմանափակ հնարավորություններով, որոնք նախատեսված են երկրում համացանցի մասին ավելի խիստ օրենքներ պահպանելու համար: Ըստ Statista հետազոտական ընկերության տվյալների՝ Չինաստանը LinkedIn-ի երրորդ խոշոր շուկան է:

Microsoft-ը ձեռք էր բերել LinkedIn-ը 2016 թվականին՝ $26,2 միլիարդով: Հուլիսին Microsoft-ի գլխավոր տնօրեն Սաթյա Նադելան տեղեկացրել էր, որ LinkedIn-ը տարեկան մոտ $10 միլիարդի եկամուտ է բերում:
Դիտում՝ 3992
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW